Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Մոսկվա) Երևանում հրատարակել են «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Մեծ եվրասիական գործընկերությունը» գիրքը:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանյան հետազոտությունների Կենտրոնի ղեկավար Արամ Սաֆարյանը, գիրքը բացվում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և ՀԶԱՀԻ տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի ողջույնի խոսքերով: «Ընթերցողների և հեղինակային խմբին ուղերձներ են հղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (Նախարար), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Սերգեյ Գլազևը և ԵՏՀ կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը: Գրքի գլխավոր խմբագիրներն են պատմաբան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը և սոցիոլոգ, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան»,- նկատեց նա:
Ըստ Սաֆարյանի՝ Հրատարակությունն առնչվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակին և այդ կառույցում Հայաստանի նախագահության տարվանը: Այն հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ:
«Հայաստանյան և ռուսաստանյան ճանաչված գիտնականների և փորձագետների հոդվածների այս ժողովածուն հետազոտում է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում Հայաստանի մասնակցության, Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության վրա Մեծ Եվրասիայում ընթացող ինտեգրացիոն գործընթացների ազդեցության հարցերը, ինչպես նաև Մեծ եվրասիական գործընկերության տեսլականը և նրանում Հարավային Կովկասի տարածաշրջանի ներգրավման հեռանկարները»,- պարզաբանեց Սաֆարյանը:
Վերլուծաբանը նշեց, որ գիրքը նախատեսվում է անվճար տարածել կառավարման պետական մարմիններում, հասարակական շրջանակներում, առաջատար բուհերում և լրատվամիջոցներում:
Նրա խոսքով՝ գիրքը հրատարակած համագործակցող վերոհիշյալ հայկական և ռուսական գիտավերլուծական կառույցների համագործակցության արդեն ձևավորված ավանդույթների համաձայն այն միաժամանակ լույս է տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով: «Եվ այդպես կլինի հետայսու»,- հավելեց Սաֆարյանը՝ հրավիրելով հայաստանյան վերլուծաբաններին ակտիվ մասնակցություն ունենալ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի աշխատանքներին։
Նա պարզաբանեց, որ կենտրոնը քաղաքական կառույց չէ, այլ հետազոտական մարմին, որի նպատակն է ուսումնասիրել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները և Հայաստանի մասնակցությունը դրանց։
Իր հերթին Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի անդամ, ԵՊՀ դոցենտ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ գիրքն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել փորձագիտական շրջանակներում։ «Գիրքը էական ներդրում կունենա Եվրասիական ինտեգրման և դրան Հայաստանի մասնակցության ուսումնասիրության գործընթացում», – նշեց Բալասանյանը: Նա նաև ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անցած 10 տարիները ցույց տվեցին, թե որքան դրական է այն ազդել հանրապետության տնտեսության վրա: «Եվ այս միտումը շարունակական բնույթ է կրում», – վստահեցրեց փորձագետը:
Նա նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանի առջև նոր ինտեգրացիոն հնարավորություններ են բացվում: «Հայաստանը կարող է ընդլայնել իր համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի հետ, ինչի մասին Կազանում կազմակերպության նիստի ժամանակ կխոսի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Բալասանյանը: Նա նաեւ նպատակահարմար է համարում երկրի հետագա անդամակցությունն այդ կազմակերպությանը, ինչը, փորձագետի կարծիքով, դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլեւ անվտանգության վրա:
«Ներկայումս կայացման փուլում է գտնվում ևս մեկ ինտեգրացիոն մեգանախագիծ ՝ Մեծ Եվրասիական ինտեգրումը, և ճիշտ կլինի, որ Հայաստանն ի սկզբանե ակտիվորեն ներգրավվի դրա աշխատանքներին», – եզրափակեց փորձագետը:
Infoport