ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ, Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների իրականացվող ակցիայի մասնակիցներին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։
Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։
Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը ևս պատվիրակ է և չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը»,-ասաց Զառա Ամատունին։
Նա նշեց, թե իրենց տեսածը և արձանագրածը չեն կիսում հանրության, Հայաստանի իշխանությունների, ընտանիքի անդամների հետ.
«Դրանք վերաբերում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»։
Նրա խոսքով, երբ ասում ենք` հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։
«Շատ դժվար է ասել` ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել` իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»։