Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին՝ այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝
Հարգելի գործընկերներ,
Ինձ թվում էր, թե արցախյան կործանարար պատերազմից ութ ամիս անց, այսօր, այս ամբիոնից ես չպիտի այլեւս խոսեի հարյուրավոր ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մասին։ Ես չպիտի խոսեի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա, շարունակում է թքած ունենալ թե՛ մեր կառույցի եւ թե՛ եվրոպական բոլոր այն կառույցների վրա, որոնք պարտադրում եւ պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց։ Ու մինչ մեր կառույցը, Եվրոպական խորհրդարանը, միազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները տասնյակ հայտարարություններ են անում ու պահանջում ռազմագերիների ազատ արձակում, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մոտ 1000 զինվոր ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դիրքավորվել է, սպանում է հայ զինվորի, հայկական զինուժի պահպանության տարածքից գերեվարում է 6 հայ զինվորի, ամեն օր սահմանային միջադեպեր եւ բախումներ է հրահրում զինվորների եւ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ։ Սահմանին ապրող հայ գյուղացին չունի որեւէ երաշխիք, որ տանից դուրս կգա ու չի գերեվարվի, կամ չի սպանվի։
Եւ հետո՞, հարգելի գործընկերներ, դեռ քանի՞ անպտուղ հայտարարություն ու կոչ պիտի անի մեր կառույցը, որպեսզի, վերջապես, հասկանանք, որ Ադրբեջանը չի ընկալում քաղաքակիրթ իրավունքի լեզուն եւ այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել կոնկրետ պատժամիջոցներ։ Մի՛ մոռացեք, որ գերեվարված 19 հայի Ադրբեջանն արդեն դաժանորեն սպանել է։
Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին, որոնցից 26-ի հանդեպ Ադրբեջանը, որպես տեռորիստների եւ դիվերսանտների, արդեն կայացրել է մեղադրական վճիռներ ու գործերն ուղարկել դատարան։
Հարգելի գործընկերներ, եթե ռազմագերիներին վերադարձնելու ձեր մտահոգությունն ազնիվ է, ապա մեր Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ։ Կասեցրե՛ք այդ երկրի պատվիրակության լիազորությունները, պահանջե՛ք արգելանք դնել Ալիեւի, նրա ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական առանցքային դեմքերի եվրոպական բանկային հաշիվների վրա, կանգնեցրե՛ք 8 ամիս տեւող այս մղձավանջը։