Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտակովն այցելել է Անթիլիաս և հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ։ Այս մասին ասված է Արամ Ա–ի ֆեյսբուքյան էջում։
Ինչպես նշվում է՝ նրան ուղեկցել է Լիբանանի և Սիրիայի ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպը։
«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական և ռուսական եկեղեցիների փոխադարձ հարաբերություններն ու Լիբանանի հետ կապված խնդիրներ: