Իր բոլոր վերելքներով և վայրէջքներով հանդերձ՝ այս անցնող ողջ ժամանակաշրջանում այս Պայքարը, Շարժումը մեկ րոպե անգամ չի դադարել, և այս ժամանակաշրջանը պարզապես փաստեց, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով և սպասում՝ արթնացած հույսերով վերջնականապես ազատագրվելու չարիքի իշխանությունից. այսօրվա ասուլիսին ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան։
«Մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին, թե վերջնականապես սպանել են այդ հույսը: Այս իմաստով՝ հիշե՛ք, խնդրեմ 2024 թվականի՝ մինչև մարտ-ապրիլ ընկած ժամանակահատվածը. Արցախի հանձնումից և կորստից հետո ամբողջական խորը հուսահատություն, անզորության զգացում և հույսի ոչ մեկ նշույլ: Գրեթե ոչ ոք չէր հավատում, որ մեր ժողովուրդը ոտքի կկանգնի իր ինքնության, իր իրավունքների և հայրենատեր լինելու համար:
Ունեցանք մայիս 9-ը, որն ապացուցեց, որ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, որ մեր ժողովուրդն անտարբեր է, հարմարվել է իր ինքնաոչնչացման գաղափարին և մեռած է, սխալվեցին: Մայիս 9-ը մեր արթնության սկիզբն է և վկայությունը, որ մեր ժողովրդի ազատագրման ձգտումը չի կարող մարել»,- համոզված է Սրբազանը:
Նա հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է նաև 2025 թվականին։
«Միևնույն ժամանակ, վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն Հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, որը պարզապես ամենօրյա դրությամբ քայքայում է մեր ընդհանրական կյանքը: Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն ճշմարտության և արդարության, հաշտության և սիրո, այսինքն՝ իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային և քաղաքակրթական փոփոխության, մեր ինքնության մասին է: Մենք ապրելուն և պետություն կառուցելուն պարզապես այլընտրանք չունենք»,- շեշտել է Բագրատ Սրբազանը։