«Ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին․ մեկնում ենք Արցախ ու սահմանամերձ բնակավայրեր»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։«Ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով․ վտանգված է Արցախը»,- հայտարարեց նա՝ ԱԺ ամբիոնին տեղադրելով Արցախի դրոշը։
Սեյրան Օհանյանն նաև ընդգծեց, որ Հայաստանի ու Արցախի առջև լրջագույն մարտահրավերներ են ծառացել, և ընդդիմության հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անելու:«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում», – հայտարարեց Սեյրան Օհանյանը: