«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ։
Նախագիծը կընդգրկվի առաջիկա ԱԺ նիստի օրակարգում։
Ավելի վաղ նախատեսված էր, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին պետք է եզրակացություն տար մարտի 3-ին և նախագիծն ուղարկեր երկրորդ ընթերցմամբ քվեարկության։ Սական իրավական տեխնիկական հարցերի պատճառով քվեարկությունը հետաձգվել էր։
«Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,- ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Փետրվարի 12-ին Ազգային ժողովը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։