Սեպտեմբերի 23–ին, ժամը 23.50–ի սահմաններում է եղել ոստիկանությունում ահազանգ, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ մահացել է երկու անձ՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, մեր գործընկեր՝ Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը և մեկ վիրավոր ենք ունեցել՝ Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հարցին՝ առկա տեսանյութերում երեւո՞ւմ են անձինք կամ ավտոմեքենաներ, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Տեսախցիկներ են վերծանվել, այս պահին հանրապետության մուտքերն ու ելքերն են ստուգվում, մեքենաներ կան տեղափոխված պահպանվող հատուկ տարածք»։
Խոսելով կասկածյալների մասին, նա ընդգծեց. «Նախնական տեղեկություններով, մեկ անձ դիմակավորված, ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել է»։