«Նախօրեին Հայ ազգային գվարդիան և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ստորագրեցին համախմբման հուշագիր՝ Հայ ազգային ճակատը, «Ձայն հայրենեաց»-ը, Մտավորականների խորհուրդը և Կոմանդոսի «Խորհուրդը»: Զրուցել ենք Մտավորականների խորհրդի անդամ, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ օրակարգ ունի համախմբումը:
«Միանշանակ կարող եմ ասել, որ դա այն էլիտայի ներկայացուցիչներն են, որից շատ էր վախեցած պարոն Փաշինյանը, այսինքն՝ հայ ժողովրդի մտավորական մասը որոշել է, որ անհրաժեշտ է միավորվել և դիմագրավել այն ամենին, ինչն ինքը փորձում է անել մեր երկրի դեմ: Սա առաջին խնդիրն է:
Երկրորդ խնդիրն այն է, որ մենք միասնական ուժերով իսկապես կարող ենք այնպիսի ծրագրեր մշակել, որոնք ապագային են ուղղված և այս ծայրագույն իրավիճակից երկիրը դուրս բերելուն, և այդ ծրագրերը, իհարկե, պետք է իրականացվեն, իսկ դրա գլխավոր խանգարողը այսօրվա դրությամբ հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը: Դրա համար մեր ուժերի ջլատումը պետք է վերանա, պետք է բոլորը միավորվեն, և մեր գլխավոր նպատակը հենց դա է՝ միասնական ուժերով մեր երկրին տեր կանգնենք: Երրորդ հարցն այն է, որ մենք հասկանում ենք, որ այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը, հատկապես այս տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ այդպես է:
Արդեն իսկ մենք տիրապետում ենք, թե Թուրքիան ու Ադրբեջանն ինչպիսի ծրագրեր են մշակում՝ այս տարածաշրջանում իրենց գործողությունները սկսելու: Փետրվարի 1-12-ի այդ զորավարժություններն ուղիղ նշան են դնում Հայաստանը, դա միանշանակ է, և արդեն քարտեզի վրա են մեր տարածքները նշվում: Այնպես որ, այս վիճակում մենք չենք տեսնում ադեկվատ քայլեր կառավարության կողմից, և մենք փորձելու ենք որպես և՛ հասարակական, և՛, ինչու ոչ, նաև քաղաքական ուժերի միավորումն իրականացնել: Այդ «բրոունյան շարժումը», որ այսօր հանրապետությունում կա՝ ցաքուցրիվ խմբերում, ամեն մեկը փորձում է առանձին-առանձին ինչ-որ քայլեր անել…: Վերջապես պետք է բոլորը միավորվեն, և դառնա հստակ, ամբիցիաներից հեռու: Պատասխանատվության լուրջ զգացումով համակված մարդիկ պետք է որոշեն, թե ինչպես անել»,- պատասխանեց Սարգսյանը:
-16 կուսակցությունները հստակ ասում են, որ ունեն վարչապետի թեկնածու՝ Վազգեն Մանուկյանը, և փորձում են հասնել նրան, որ Մանուկյանը դառնա անցումային վարչապետ: Համախմբումն աջակցո՞ւմ է այս օրակարգին:
– Մեր բոլորի գլխավոր նպատակը նույնն է, որևէ տարաձայնություն այստեղ չկա, բոլորս պահանջում ենք այսօրվա իշխանությունների հրաժարականը: Խնդիրն այն է, թե ինչպիսի մեթոդներով, մեխանիզմներով պետք է առաջ շարժվել: Ես կարծում եմ, որ մեր մեջ տարաձայնություններ չեն լինի, պետք է համախմբվել և քննարկել բոլոր հարցերը, որպեսզի բոլոր քայլերը, որոնք պետք է ձեռնարկի ընդդիմությունը, պետք է միտում ունենան ամրապնդել, այլ ոչ թե վնասել մեր ազգային անվտանգությանը: Սա այն գլխավոր հարցն է, որը մենք միշտ պետք է մեր առաջ տեսնենք, որովհետև պետության անվտանգության խնդիրը վեր է մնացած բոլոր հարցերից, և միասնական ուժերով պետք է հասնել այդ նպատակին, հետո նոր կորոշենք՝ ով, ինչ, ոնց, ինչ պատասխանատվությամբ և այլն: Այստեղ այն աթոռակռիվը չէ, որ որոշ մարդիկ փորձում են այդ հարցը շահարկել, այդպիսի խնդիր չկա բացարձակ մեծամասնության մոտ, ովքեր ընդդիմության կազմում են: Մենք շատ բան ենք տեսել մեր կյանքում և կարիք չունենք կամիկաձեի շոր հագնել՝ այդ ամբողջ ճանապարհով անցնելու համար: Խնդիրն այն է, որ եթե պետության կայացման և գոյության վտանգն է, ուրեմն, իհարկե, մենք՝ այդ քաղաքական, հասարակական և ազգային էլիտան, պիտի միավորված մի տեղ լինի:
– հշխանափոխության մեթոդների հետ կապված հակասություններ կա՞ն 16 կուսակցությունների հետ, Դուք ավելի կոշտ մեթոդների կողմնակի՞ցն եք:
Ես արդյունավետ գործողությունների կողմնակից եմ, և այդ արդյունավետ գործողությունների վերաբերյալ մենք բազմակի փորձ ունենք, որը կարելի է կիրառել և այսօր, բայց հիմա հարցը հետևյալն է. մենք հիմա ոչ թե հակադրվում ենք մեկս մյուսին, այլ հակառակը՝ ես կարծում եմ, որ բոլորը պետք է գտնեն այն համապատասխան համաձայնությունը, որը չի խանգարի իրականացնել գլխավոր նպատակին հասնելու խնդիրը: Մարտավարական խնդիրների առումով կարող են լինել տարբեր մոտեցումներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: