Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որեւէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը եւ կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ:
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում:
Սկզբունքային կարեւորության հարց է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու դրան հաջորդած՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած իրականացում պետք է պարտադիր հաշվի առնի, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն, ոչ միայն շարունակում են, այլ նաեւ օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը, հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:
Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որեւէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը եւ կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:
Այսքանով հանդերձ, եթե միջազգային ակտի որեւէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որեւէ իրավական ուժ, կխախտեն իրավունքի գերակայությունը ու հետեւաբար նաեւ՝ ՀՀ Սահմանադրությունը:
Սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, պարտավորություններ են, որոնք մեր պետությունը ստանձնել է մարդու իրավունքներ պաշտպանելու համար եւ որոնք ուղիղ հետեւում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»։