«ՔՊ»-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի զննությամբ իբրև հայտնաբերված՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ նախաձեռնելու մասին դատախազության հայտարարությամբ բացահայտվեց հանցագործությունների մի ամբողջ շղթա, որի առանցքում Նիկոլ Փաշինյանի սուտն է։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու եւ պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։
Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Այլ խոսքով՝ քննիչը ծանոթացել էր հեռախոսի բովանդակությանն ու նախաքննական գաղտնի պարունակող տեղեկությունները հասանել էին դարձել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ տեղեկություններն իրեն տրամադրել է օպերատիվ մարմինը։ «Այդ հեռախոսը քրեական գործի շրջանակներում հայտնվել է անկախ մարմնի մոտ և անկախ մարմինը համապատասխան թույլտվություններն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չի։
Եւ այդ ոչ այնքան անկախ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակել են պետական անվտանգությանը վերաբերող սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ։ Բնականաբար, այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, միաժամանակ, պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ վարչապետին»,- հայտարարել էր Փաշինյանը։
Նա հայտարարել էր, թե երբ այդ տեղեկությունները հայտնվում են վարչապետի սեղանին, դա ուրիշ իրավիճակ է, ապա՝ ընդգծել, որ այդ տեղեկությունով կիսվել է «օրենքի տառին և հնարավորություններին համապատասխան»։
Երեկ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը, նախաքննական մարմինը տեղյակ չեն տեղել, թե կոնկրետ քննիչի վարույթում քննվող գործով օպերատիվ ինչ տվյալներ են ի հայտ եկել ու այդ մասին իմացել են մամուլից, քանզի մամուլի հրապարակումներն են ուղարկել քննիչին։
Այսինքն՝ քննիչը հանձնարարություն է տվել օպերատիվ մարմնին, որը արդյունքների մասին չի հայտնել քննիչին, այլ շտապել է տեղեկացնել Փաշինյանին, որն էլ դրանք օգտագործելով քաղաքական հայտարարություններով է հանդես եկել։ Ավելին՝ անգամ Փաշինյանի կողմից հնչեցնելուց հետո այդ նույն տվյալները, որոնք դրվել էին Փաշինյանի սեղանին, այդպես էլ չեն հայտնվել քննիչի սեղանին ու Աղազարյանի կողմից ենթադրյալ ծանր հանցանք կատարելու վերաբերյալ վարույթ նախաձեռնվում է ոչ թե քննիչի հանձնարարությանն ի պատասխան օպերատիվ մարմնից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա, այլ մամուլի հրապարակումների։
Սա վկայում է, որ կամ Փաշինյանն է ստել եւ որեւէ օպերատիվ տեղեկություններ էլ չկան, կամ էլ օպերատիվ մարմնի աշխատակիցներն են հանցանք գործել՝ կարեւոր տվյալները թաքցնելով նախաքննական մարմնից, քանզի դրանք վերաբերել են քպականներին, որոնց առերեւույթ հանցավոր դրսեւորումների վերաբերյալ իրավապահ մարմինները վախենում են ինքնուրույն գործողություններ ձեռնարկել՝ առանց ՔՊ ղեկավարի համաձայնության։
Դատախազությունն ուղղակի պարտավոր է քննության առարկա դարձնել՝ օպերատիվ մարմնի կողմից, խմբային շահերից ելնելով, կարեւոր տվյալները վարույթ իրականացնող մարմնից թաքցնելու դեպքի առթիվ։
Ի դեպ, Հովիկ Աղազարյանի փաստաբանը ևս հաղորդում է ներկայացրել՝ փորձելով պարզել, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
«Փաստինֆո»-ն ևս հարցում ուղարկել է դատախազություն՝ խնդրելով հայտնել, թե արդյոք վարույթ նախաձեռնվել է Աղազարյանի նամակագրության, հաղորդակցության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ, սակայն այս հարցին պատասխան չեն գտել ու առ այս պահը պատասխան չեն տրամադրել։