Այսօր վաղ առավոտյան կառավարության շենքի մոտ դավաճան վարչապետին հերթական անգամ ըստ պատշաճի «դիմավորման արարողության» ժամանակ բերման են ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը:
Ի դեպ, բերման ենթարկելու ողջ գործընթացը նմանվել է թատերական կամ կրկեսային ներկայացման: Տեսանյութում երևում է՝ ոստիկանները պարզապես մոտեցել են ակցիան իրականացնողների՝ մայթին կանգնած մեքենային և պահանջել հեռանալ: Նրանք այդ պահանջը, ուշադրությո՛ւն, «հիմնավորել են» հետևյալ կերպ. «Նախադեպ կա, որ նախկինում ճանապարհ եք փակել և այժմ էլ կարող է հանկարծ փակեք»:
«Նրանց այս զավեշտալի հիմնավորմանը և պահանջին պարզապես հակադարձեցինք՝ ինչո՞ւ հեռանանք, երբ առանց որևէ խախտման կանգնած ենք մայթին։ Հրամայեցին առանց բացատրության բերման ենթարկել մեզ՝ հրահանգը չկատարելու համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Կարապետյանը՝ հավելելով, որ «ներկայացման» հաջորդ արարը տեղի է ունեցել Կենտրոնի բաժանմունքում, որտեղ իրենց բերման ենթարկած՝ Արաբկիրի բաժանմունքի ոստիկանները հրաժարվել են զեկուցագիր գրել՝ ասելով, որ Կենտրոնի բաժանմունքի պետի տեղակալն է հրահանգել բերման ենթարկել, թող իրենք էլ գան ու գրեն:
«Նրանց այդ մոտեցմամբ՝ կարող են փողոցում կանգնած ցանկացած մեկին բերման ենթարկել, հետո՝ ձերբակալել, հետո՝ կալանավորել՝ «հիմնավորելով», թե նա կարող էր հանկարծ մարդ սպանել: Իրոք, հիշարժան օրեր ենք ապրում»,- նշեց Սարգիս Կարապետյանը:
Ոստիկանները փաստել են, որ զեկուցագիր գրելու հիմքեր չկան, քանի որ բերման ենթարկվածները որևէ օրինախախտում չեն կատարել:
«Կենտրոնի բաժանմունքում ստիպված փոքրիկ գործ կարեցին մեզ վրա. հրավիրեցին Կենտրոնի բաժանմունքից այլ ոստիկանների, հավանաբար՝ թաղային, որոնք մեզ առաջին անգամ էին տեսնում, և հրահանգեցին գրել զեկուցագիր: 3 ժամ անց մեզ ազատ արձակեցին»,- եզրափակեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը:
Yerkir.am