Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին հայտնեցին Ազգային ժողովից։
Նշենք, որ ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի՝ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն ռեյտինգային ընտրակարգը վերացվեց։
Ապրիլի 17–ին, նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու օրենքը, բայց եւ չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:
«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:
Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից օրենքն առերեւույթ խնդրահարույց չէ»,– ասել էր նախագահը։