zham.am-ը գրում է.«Գորիսի քաղաքապետի ընտրություններում Առուշ Առուշանյանի համոզիչ հաղթանակը մի շարք տարընթերցումներ առաջացրեց։ Շատ էր խոսվում այն մասին իբր Առուշ Առուշանյանն արդեն առանձնացել է Ռոբերտ Քոչարյանից և «Հայաստան» դաշինքից և առանձին հանդես է գալիս որպես տեղական անկախ գործիչ։Այս խոսակցությունները սրվեցին հատկապես, երբ Առուշա Առուշանյանի հաղթանակից հետո չնշվեց նրա քաղաքական պատկանելության փաստը։ Միանգամայն բնական խոսակցություններ սկսվեցին մի շարք վերլուծաբանների միջև, թե ինչ դա կարող է նշանակել։ Շատերը նույնիսկ կարծիք հայտնեցին, որ Առուշանյանը կարող է զիջումների գնալ իշխանություններին՝ չդիմանալով իր վրա գործադրվող ճնշումներին, ինչպես, օրինակ, դա արվեց Գյումրիում և նախատեսվում է անել Մեղրիում։
Սակայն Առուշ Առուշանյանի նոյեմբերի 3-ին տարածած հայտարարությունը վերջ դրեց այս բոլոր խոսակցություններին, քանի որ նրա հայտարարության մեջ «սևով սպիտակի վրա» գրված է հետևյալը. «Ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը»:Մենք կարծում ենք, որ սրանից հետո բոլոր խոսակցություններն արդեն ավելորդ են»։