Վերջին «վերաձեւումների» կապակցությամբ
ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հանդարտ ու հանգիստ քաղաքական ձմեռն ինչ-որ չափով թեժացավ խորհրդարանական որոշ կուսակցություններում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք իրենց հերթին աշխուժացնելով մեր չափազանց արհեստավարժ ու չափազանց խելամիտ լրագրողական աշխարհը, բանախոսական ալիք բարձրացրին հասարակության շրջանումՙ արդիականացնելով մի քանի քաղաքական հարց. պառակտո՞ւմ էր, թե՞ ոչ ԱԺՄ-ում ու ՀՀԿ-ում տեղի ունեցածը, ի՞նչ ենթատեքստեր պետք է փնտրել այդ գործընթացներում եւ ի՞նչ հետեւանքներ ակնկալել…
Ի դեպ, թեկուզեւ երկու կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր որակումներ են տալիս եղածին, բնորոշումը մեկն էՙ տեղի ունեցավ վերնախավի պառակտում: Սրա ենթատեքստը երկար փնտրտուքների կարիք չունիՙ միակ պատճառը տակտիկական է:
ԱԺՄ-ն ու ՀՀԿ-ն լքողները, իհարկե, նման եզրահանգմանը չեն համաձայնվի, քանզի սրանց փաստարկները սկսվում ու ավարտվում են գաղափար ու գաղափարախոսություն բառերով: Սակայն բառն արտասանելը շատ ավելի հեշտ է, քան իմաստային բովանդակությունը ներկայացնելը: Նման տիպի հիմնավորում մասնավորապես չգտա ոչ Քոչարյան-Սադոյան եւ այլոց, ոչ էլ Բազեյան-Ուլիխանյան եւ այլոց մեկնաբանություններում: ԱԺՄ-ն լքողների դժգոհությունը եզրափակվում էր մեղադրանքներով, կապված ԱԺՄ վարչության հաշտվողական քաղաքականության ու իշխանություններին ենթարկվելու հետ, իսկ ՀՀԿ-ից հեռացողները խոսում էին կուսակցության նահանջ Դեմիրճյան-Սարգսյան գաղափարներից, այդպես էլ չնշելով, թե որոնք էին այն գաղափարները, որոնցից նահանջեց ՀՀԿ-ն:
Ինչ մնում է ԱԺՄ գաղափարախոսությանը… Այդպես էլ չկարողանալով ըմբռնել ԱԺՄ-ին բնորոշ գաղափարախոսության առանձնահատկությունները, այնուամենայնիվ չեմ կարող հասկանալ, թե այդ որ գաղափարախոսությունն է հիմնված լոկ ընդդիմադի՞ր կեցվածքի վրա: Այն կեցվածքի, որը հոգեհարազատ է Շավարշ Քոչարյանին ու Արշակ Սադոյանին ու որի խարխլման պատճառով նրանք լքեցին ԱԺՄ-ն: Այս առումով որպես հեռանալու դրդապատճառներ, ավելի տեղին են Շավարշ Քոչարյանի այլ արտահայտությունները. թե դավաճանելով ընդդիմախոսի կարգավիճակին, ԱԺՄ-ն ի վիճակի չի լինի հետագա ԱԺ ընտրություններում հավաքել անգամ 5 տոկոս ընտրողների ձայները: Թվում է, այստեղ էլ թաղված է շան գլուխը: Այսինքն, ետ կանգնելով ամբոխավար ընդդիմախոսական վարքագծից, ԱԺՄ-ն հետագայում կկորցնի իր խորհրդարանական կուսակցության կարգավիճակը:
Սակայն… Եթե կուսակցությունն իրոք առաջնորդվում է գաղափարախոսությամբ, այլ ոչ ամբոխավարությամբ, ուրեմն պետք է պատրաստ լինի ամեն տեսակի քաղաքական վայրիվերումների: Ուրիշ հարց է, որ կուսակցության վերնախավը կզրկվի պաշտոնատեղերից ու պատգամավորական մանդատներից, որոնք, բացի պատկառելի աշխատավարձից, շատ այլ կարգի կենցաղային բարիքներ են տրամադրում: Ա՞յս հարցն է մտահոգում պարոնայք Քոչարյանին եւ Սադոյանին:
Կարծես թե, չէ, կասեն ընդդիմախոսները, մտաբերելով Շավարշ Քոչարյանի պատրաստակամությունըՙ թողնել ԱԺ կրթության ու գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հենց որ կձեւավորվի նոր ազգային ժողովրդական կուսակցությունը: Պաշտոնաթողության այս վարկածը, սակայն, լուրջ չէ, քանզի իրողությունը մեկն է. առաջադրվել ես պաշտոնի որպես ԱԺՄ խմբակցության ներկայացուցիչՙ ապա ԱԺՄ շարքերը լքելով, պարտավոր ես թողնել եւ պաշտոնը:
Ընդհանրապես, նմանատիպ ոչ քաղաքագիտական դրսեւորումներ Քոչարյան-Սադոյան զույգը շատ է դրսեւորում: Ինչքան ասես շեշտվել է այն փաստը, որ ԱԺՄ-ն մեկն էր ասում ու անում, այս երկուսըՙ հակառակը: Ի դեպ, հակասական կեցվածք դրսեւորվում էր ամենուրեք ու ամեն առիթով: Եթե Սադոյանն իր կեցվածքով գրեթե ոչնչով համայնավարներից չի տարբերվում (ավելին, ինչ-որ պարագաներում համայնավարներն ավելի ողջախոհ կեցվածք են դրսեւորում), ապա Քոչարյանը հիմնովին անհասկանալի է: Պնդելով, թե ավտորիտար պետություն է ստեղծվել, նա մեծ ոգեւորությամբ ստանձնեց ԱԺ-ի հանձնաժողովի նախագահի պաշտոնը ու կարծես չի էլ ցանկանում հրաժարվել աթոռից, իրեն իսկ հաշիվ չտալով (կամ մեզ բութի տեղ դնելով), որ լինելով ԱԺ ղեկավար կազմում, նա կամա թե ակամա տանում է, իր լեզվով ասած, ավտորիտար պետության քաղաքականությունը, նպաստում դրա իրականացմանը ու, ի դեպ, պարտավոր է այդ անել: Հակառակ դեպքում պետք է հրաժարվել զբաղեցրած աթոռից:
Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ ասվում է ասելու համար: Ասվածի ու արածի բուն պատճառն էլ մեկն էՙ միշտ մնալ քաղաքականության օթյակային տեղերում: Այսօր այդ մշտակեցությունը կարելի է ապահովել երեք ձեւովՙ կամ գումարներով ընտրաձայներ գնելով, կամ «ադմինիստրատիվ ռեսուրս» օգտագործելով, կամ էլ ընդդիմություն խաղալով: Խաղալովՙ քանզի այսօր միայն համայնավարների գաղափարախոսությունն է հիմնովին կամ մասնակի հակադրվում նախագահ Քոչարյանի նախընտրական ու իշխանության գլուխը կանգնած «Միասնություն» դաշինքի ծրագրային դրույթներին: Մյուս կարգի դիմակայությունը, ըստ քաղաքագիտական օրինաչափությունների, կարող է ու պետք է լինի ոչ թե արմատական, այլ տակտիկական բնույթի:
Բայց քանի որ Հայաստանը դեռ Ռիո դե Ժանեյրո չէ, մեր կուսակցություններն էլ ոչ լեյբորիստ ու պահպանողական են, ոչ էլ հանրապետական ու ժողովրդավարական, ցանկացած մորթապաշտ պոռթկում մատուցվում է հասարակությանը որպես խորիմաստ ու պատկառելի քաղաքական կեցվածք հանուն հայ ժողովրդի բարօրության:
Ինչ մնում է ՀՀԿ-ն լքածներին… Ինչ-որ ակնարկներ անելով «Միասնության գաղափարների ու սրանց նվիրվածության անհրաժեշտության մասին, ինչպես վերը նշեցին հեռացածները, սրանից այն կողմ չգնացին, մշուշի մեջ թողնելով հեռանալու ստույգ պատճառները:
Սակայն, ելնելով նրանից, որ «Միասնություն» դաշինքը գայլաձկան ու կարապի խարխուլ ու պարզունակ միակցություն է, զուրկ որեւէ լուրջ հենարանից ու գաղափարախոսությունից, կարծում եմ գնացողների ընտրած մշուշի տարբերակը ամենանպաստավորն է, քանզի թույլ է տալիս ինչ-որ բան ասելՙ ասելիք չունենալու պարագայում:
Դե, ի՞նչ ասեր Ալբերտ Բազեյանը: Գոյություն ունի կոմպետենտության սանդղակ, ուր ամեն ոք ունի իրեն համապատասխանող ատյանը: Խախտելով այն, հակառակ արդյունք է ստացվում: Բազեյանն իր տեղում էր որպես ԱԺ փոխխոսնակ, բայց որպես քաղաքապետՙ ոչ: Ազնվորեն աշխատելով, նա միգուցե չէր էլ նկատում, որ ստորադասները, անգամ նորոգված կազմով, նույն աշխատաոճն ու բարքերն են դրսեւորում, ինչ որ հները:
«Նեղանալով» կուսակիցներից ու միանալով մի այլ «նեղացածի»ՙ Արամ Սարգսյանի քաղաքականացված տվայտանքներին, ՀՀԿ-ի, այսպես կոչված, երկրապահական թեւը եւս հայտարարեց նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցության, որը ԱԺՄ-ից հեռացածների նոր կուսակցության օրինակով պետք է շտկի խարխլված գաղափարախոսական գիծը…
Այս առումով կցանկանայի ասել հետեւյալը. ինչ ուզում եքՙ շտկեք, միայն առանց գաղափարի ու գաղափարախոսության ակնարկման: Չկա այդպիսի բարդույթ, որը որոշել եք հաղթահարել: Վաղօրոք կասեմ, որ ապարդյուն են նաեւ որեւէ նոր կուսակցություն ստեղծելու փորձերը: Ու հենց ազատ գաղափարախոսական որմնախորշի իսպառ բացակայության պատճառով:
Բացի այդ, քաղաքական ռոմանտիզմի գնացքը, բեռնված կուսակցություն ստեղծելու պոռթկումներով, կարծես թե հեռանում է Հայաստան կոչվող կայարանից. քաղաքական դաշտն էլ գերծանրաբեռնված է, ժողովուրդն էլ հոգնածՙ նորելուկների ճռճռան խոստումներից ու քննադատություններից: Գնահատվում է միայն կոնկրետ ու արարիչ գործը:
Եվ հետո, ի՞նչ են անելու նորաստեղծ կուսակցությունները: Լավագույն դեպքում զբաղվելու են քննադատությամբ, վատագույնՙ քաղաքական ինտրիգներով, որոնցից բոլորս էլ հոգնել ենք: Հենց այդ պատճառով սրանց համար չեմ տեսնում եւ որեւէ պատկառելի ապագա: Գալիք ընտրություններում այս քաղաքական նոր խմբակները վտանգված են բախվելու ամբոխավարությունը ընտրած, բայց շատ ավելի փորձառու կուսակցությունների ու նրանց առաջնորդների հետ: Եվ միեւնույն ընդդիմախոսական դաշտում, ներկայացված այնպիսի հայտնի հռետորներով, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Վիգեն Խաչատրյանը, Դավիթ Շահնազարյանն ու անգամ Պետրոս Մակեյանը: Ուրեմն, այս կեցվածքը հաջողության չի հանգեցնի: Ուրեմն, մնաց քաղաքական ինտրիգների ճանապա՞րհը…
Բայց փորձենք ի մի բերել կտոր-կտոր ներկայացրած խորհրդարանական կուսակցությունների նոր անցուդարձը: Մենք կարծես թե մոռացության ենք տալիս եւս մի քաղաքական նորելուկի գոյությունը: Խոսքս «Կայունություն» կուսակցության մասին է, որը շեփորահարությամբ ծնվելով, շնչի առկայություն չի դրսեւորում: Սրան ի՞նչ եղավ: Շնչահեղձության պատճառը նույնն էՙ արհեստական ծնունդը, բնության կողմից մերժված: Եվ այս առումով ճիշտ են այն լրագրողները, որոնք նշեցին խորհրդարանական քաղաքական դաշտի վերջին այլայլումները, որպես համաչափություն, չգիտես ինչու անվանելով այդ մանր անցուդարձը «քաղաքական դաշտի վերաձեւում» քաղաքագիտական տերմինով:
Ոչ մի վերաձեւում էլ չկա: Կա կուսակցությունների հստակեցում, մնայունի ու ժամանակավորի տարանջատում, ինչը բոլոր դեպքերում առողջարար է: Ինչը նաեւ հույս է ներշնչում, որ ի վերջո քաղաքական դաշտը կներկայացվի իրոք քաղաքական, գաղափարակիր կուսակցություններով, որոնք համալրված կլինեն իրոք գաղափարի ջատագովներով, այլ ոչ ամբոխավարներով, պատեհապաշտներով, ապաքաղաքականացված տարրերով, կամ բախտախնդիր բանսարկուներով: