«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» վերահաստատում և հիշեցնում է, որ այսօր՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:
«Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
Հորդորում ենք բոլոր արցախցիներին և Արցախի ցավով ապրող մեր մնացած հայրենակիցներին մասնակցել հավաքին և մեր միասնական ձայնը բարձրացնել Հայաստանում և միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:
Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ:
Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպում է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը», որը ձևավորվել է արցախյան ու հայաստանյան բազմաթիվ կազմակերպությունների ու հանրային գործիչների կողմից՝ ապահովելով լայն համախմբում այս նպատակի շուրջ», ասված է հաղորդագրության մեջ: