Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։