«Պատերազմական իրավիճակում մեր սահմանների յուրաքանչյուր սանտիմետրը համակողմանիորեն պետք է ուշադրությամբ ուսումնասիրենք ու մեր պաշտպանությունը կազմակերպենք, իսկ դա, նախևառաջ, բանակի խնդիրն է»,- Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը չի ողջունում իշխանության այն գաղափարը, երբ ասում են, թե բանակի ստորաբաժանումները պետք է ԱԱԾ ստորաբաժանումներով փոխարինել։ Բացատրում է՝ նման բան անում են միայն այն դեպքում, երբ հակառակորդ կամ թշնամի պետությունները բարեկամանում ու միմյանց հետ խաղաղ համակեցության պատրաստակամություն են հայտնում։
«Բայց տեսեք՝ ինչ է կատարվում՝ կողմերը մի կողմից հայտարարում են խաղաղության մասին, մյուս կողմից, սակայն, Ադրբեջանը բոլորովին հակադիր վարքագծով ու հռետորաբանությամբ է առաջնորդվում։ Սադրանքներ է հրահրում, ավելին՝ կարելի է ասել՝ մարտական գործողությունների է դիմում, հոգեբանական ճնշումներ գործադրում Հայաստանի վրա և այլն։
Կարճ ասած՝ կարելի է ասել՝ մենք այժմ էլ պատերազմական իրավիճակում ենք գտնվում, և այսպիսի իրավիճակում սահմանափակ կարողություններով ԱԱԾ-ն սահմանին չի կարող պաշտպանություն կազմակերպել։
Ս․Վ․