«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այդպես էլ ուշքի չի գալիս։ Պարտության արդյունքում ունեցանք մարդկային, տարածքային եւ նյութական այնպիսի աննախադեպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կտան իրենց։
Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ավելացմանը զուգահեռ։ Տպավորություն է, որ դիվանագիտական հարթակում Հայաստանը որեւէ ինքնուրույն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրվում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։ Տեղի ունեցածը նրանց համար դեռեւս կարծես «մղձավանջային երազ» է թվում։ Ընդհանուր առմամբ, հուսահատությունը մեծ չափերի է հասել։
Ապագայի նկատմամբ հույսները կորցրած՝ շատերն անգամ մտածում են երկրից արտագաղթելու մասին։ Սրան գումարած՝ պետությունն այսօր կառավարման ճգնաժամի մեջ է։ Պետական ինստիտուտներն ի վիճակի չեն պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցող գործընթացներին։
Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ նման խոշոր ձախողումից ու պարտությունից հետո իշխանությունները հեռանում են։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որեւէ իշխանության որդեգրած քաղաքական կուրսն իրականություն չի դառնում, հաճախ այդ կառավարությունը կամավոր թողնում է ասպարեզը եւ հեռանում՝ իշխանության ղեկին իր մնալը համարելով աննպատակահարմար։
Հիշարժան է, որ, օրինակ՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչներից Շառլ դը Գոլն իր քաղաքական գործունեությունն ավարտեց 1969 թվականին, երբ Սենատի վերակառուցման եւ երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց։
Դրանից հետո դը Գոլը առանց վարանելու հրաժարական տալու որոշում ընդունեց ու ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից։ Սակայն զարմանալի է, որ մեր իշխանությունները տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո դեռեւս սին հույսեր են փայփայում, թե իրենք կարող են մնալ իշխանության։ Մի՞թե իշխանությունն այնքան քաղցր է, որ նրանք այդքան իրականությունից կտրվել են ու չեն հասկանում, որ, միեւնույն է, կարճ ժամանակ անց հեռանալու են։ Հրաժարականը կա՛մ կարող է լինել կամավոր, կա՛մ էլ հանրային ճնշման արդյունք։
Արդեն իսկ հանրության մի ստվար հատվածը կառավարության հրաժարականն ուղղակի անհրաժեշտություն է համարում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը։ Վերջինս փորձում է կառավարման համակարգում փոփոխությունների իմիտացիա ստեղծել։ Դրա համար էլ ձեռնամուխ է եղել արագ կադրային նշանակումների։
Բայց այդ նշանակումները հիմնականում անհասկանալի են ու ոչ կշռադատված։ Եթե ողջ պետական համակարգը կոլապսի մեջ է, ապա մի քանի դեկորատիվ փոփոխությունները որեւէ նշանակություն ունենալ չեն կարող։
Մյուս կողմից էլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու նպատակով փորձում է հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղել ու սեւեռել կեղծ օրակարգերի վրա։ Այդ նպատակով էլ նա փորձում է հանրային օրակարգ ներմուծել արտահերթ ընտրությունների գաղափարը։ Իսկ դրան զուգահեռ իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքական դաշտ կեղծ ուժերի ներմուծման գործընթացին։ Հենց այդ ուժերին պետք է վերապահված լինի իրական ընդդիմության դեմ պայքարելու եւ իշխանությունների գործելակերպն ինչ-որ կերպ արդարացնելու գործը։
Իսկ իր խայտառակ ձախողումները արդարացնելու ու աթոռին ամուր կառչած մնալու փափագի շրջանակներում Փաշինյանը ձեռնամուխ է եղել մեղավորների փնտրտուքին ու այդ շրջանակում ներքաղաքական ատելության բորբոքմանը։
Բայց, հանրության գերակշիռ մեծամասնության համար հստակ է, որ ինչքան էլ փորձի մեղքը բարդել ուրիշների վրա, ինքն է մնում իրավիճակի գլխավոր պատասխանատուն։ Գոնե ներկայիս իրադրության պայմաններում իշխանությունները պետք է առաջնորդվեն լայնախոհությամբ եւ հասկանան, որ երկար մնալու շանս ուղղակի չունեն, իսկ ինչքան երկարաձգեն իրենց իշխանությունը, այնքան պետությունը տուժելու է։ Դա է վկայում ոչ միայն պատերազմն ու հետպատերազմական ողջ այս ժամանակաշրջանը, այլեւ 2018 թվականի մայիսից հետո ընկած ողջ հատվածը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում