Յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու խնդիրն այսօր այս դավաճաններին հեռացնելն է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ։ Հայրենիքի փրկության շարժումը այցելություններ է նախաձեռնել ՀՀ տարբեր մարզեր՝ ներկայացնելու իր ծրագրերը և հիմնավորելու դավաճան իշխանությունների րոպե առաջ հեռացման անհրաժեշտությունը։ Առաջին հանդիպումը Շիրակի մարզում է։
«2,5 տարի առաջ Հայաստանում իշխանության եկան մի խումբ անձինք, ովքեր իրենց գործունեության արդյունքում հետևողականորեն թուլացրին մեր ազգային դիմադրողականությունը, քայքայեցին բանակը, պառակտեցին հասարակությունը, վարեցին սխալ, անհետևողական, դավաճանական արտաքին քաղաքականություն, երկիրը հասցրին պատերազմի, պատերազմի ընթացքում ցուցաբերեցին դավաճանություն, անգործություն։ Ու դրա հետևանքով կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի, 70 տոկոսը, տվեցինք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ և այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակի մեջ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա պատահական չհամարեց, որ, նոյեմբերի 9-ից սկսած, ստեղծվեց Հայրենիքի փրկության շարժումը․ որովհետև իրենցը ոչ թե իշխանության համար մղվող պայքար է, այլ հայրենիքը փրկելու պայքար, և դրա առաջին քայլը այսօրվա դավաճան իշխանության՝ րոպե առաջ հեռանալն է։
«Այսօր Հայաստանում կա իշխանություն, ով ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը, իրավունքները, կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն տանում է մեր պետությունը դեպի կործանում։ Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ, գիտակից, հասկացող, իր ազգի, պետության մասին մտածող քաղաքացու թիվ 1 խնդիրը՝ կազմակերպել, փողոց դուրս գալ, այս դավաճաններին հեռացնելն է։ Սա պետք է լինի համահայկական պահանջ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ, այլ ճանապարհ չկա, որովհետև համակերպվել այս վիճակին՝ նշանակում է համակերպվել հայրենիքը կորցնելու հետ, նշանակում է համակերպվել ավելի աղքատ վիճակում մեր գոյությունը շարունակելուն։
Նա կոչ արեց համախմբվել, կազմակերպվել և միավորել ուժերը նպատակին հասնելու համար։
Ավելի վաղ ներկայացրել էինք Վազգեն Մանուկյանի խոսքը։
Մանրամասն՝ տեսանյութում։