2022 թվականի հուլիսի 14-ի Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է։ Այդ օրը տեսախցիկների վերահսկողության համար նոր կառույց ստեղծելու որոշում կայացվեց։
Կառավարության այսօրվա նիստում հայտարարվել է, որ երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք», – ասաց նա:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, որ այսօրվանից համակարգի կառավարումն իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից:
«Մեկ-երկու օրվա ընթացքում հանձնում-ընդունումը լրիվ կավարտենք: Ասեմ ավելին՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում՝ աշխատանքը շարունակելու համար», – նշեց ոստիկանապետը: