Պատերազմում պարտված ղեկավարների ճակատագրերը. Չին-ճապոնական պատերազմը և Ֆումիմարո Կոնոեի անփառունակ վախճանը

134

AntiFake.am-ը սկսել է պատմական հրապարակումների շարք, որի շրջանակներում կներկայացնենք պատերազմներում պարտված ղեկավարների ճակատագրերը՝ համեմատականներ տանելով ձախողման մասշտաբների, առաջնորդների մեղավորության աստիճանի, պետության քաղաքական վարչակազմի և ղեկավարների հեռացման ժամկետների ու ճանապարհների միջև: Հրապարակումները մեր ընթերցողներին հնարավորություն կտան ինքնուրույն համեմատականներ անցկացնել ներկայացված պատմական իրադարձությունների և Արցախյան վերջին պատերազմի, Հայաստանի վարչապետի, նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության, ռազմական ղեկավարության գործելակերպի, պատերազմին հաջորդած իրադարձությունների միջև:

Պատմական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատերազմում պարտված առաջնորդները մեծամասամբ դադարում են շարունակել երկրի ղեկավարումը՝ կա՛մ հեռանալով, կա՛մ էլ հեռացվելով զբաղեցրած պաշտոնից, որին շատ դեպքերում հաջորդում է նաև քրեական պատասխանատվությունը:

Առաջին հրապարակմամբ անդրադարձել էինք Բոլիվիայի նախագահ Դանիել Սալամանկային, որը Պարագվայի դեմ պատերազմում պարտություն կրելուց հետո իշխանությունից հեռացվեց ռազմական պուտչի միջոցով:

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Չին-ճապոնական երկրորդ պատերազմի արդյունքում Ճապոնիայի վարչապետ Ֆումիմարո Կոնոեի ճակատագիրը:

Երկրորդ Չին-ճապոնական պատերազմը (1937 թ. հուլիսի 7 – 1945 թ. սեպտեմբերի 9) լայնածավալ պատերազմ էր Չինաստանի Հանրապետության և Ճապոնական կայսրության միջև: Դա Ասիա աշխարհամասում Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օջախն էր։ Պատերազմն ավարտվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ֊ն միջուկային զենքով ռմբահարեց ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքները:

Չին-ճապոնական երկրորդ պատերազմը սկսվեց 1931 թվականին` ճապոնական զորքերի` Չինաստան ներխուժմամբ:   

1931 թվականի սեպտեմբերի 18-ին ճապոնացի մի զինվոր դինամիտ պայթեցրեց Մուքդենի (Mukden) մոտակայքում գտնվող Հարավային Մանջուրիայի երկաթուղիում: Իրականում պայթյունն այնքան թույլ էր, որ երկաթգիծը գրեթե չվնասվեց։ Սակայն Ճապոնիան Մուքդենի միջադեպը օգտագործեց որպես պատրվակ՝ Չինաստան ներխուժելու համար:

Ճապոնական զորքերը հավաքվում են Մանջուրիայի Մուքդենի մոտակայքում

Իրավիճակը հատկապես սրվեց 1937թ. հուլիսին, երբ Մարկո Պոլոյի կամրջի մոտ չինական կայազորը հրաժարվեց կատարել ճապոնացիների պահանջը, որ Պեկինում կորած իրենց զինվորներից մեկին գտնելու նպատակով որոնողական աշխատանքներ իրականացվեն։ Այդպիսով` ճապոնական արշավանքը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի:

Ինչու՞ էր Չինաստանը պետք Ճապոնիային

Ճապոնիայում այդ ժամանակ հումքի կարիք կար` սեփական ծանր արդյունաբերությունն ապահովելու համար, և քանի որ երկրում պաշարները սպառման եզրին էին, հավելյալ տարածքներ գրավելով` հնարավոր կլիներ բավարարել հումքի պահանջարկը։ Նոր պատերազմը ընդունելի էր նաև բնակչության համար, քանի ճապոնական զինված ուժերն ու ճապոնական ազգայնական գաղափարախոսությունը մեծ հեղինակություն և աջակցություն էին վայելում հասարակության շրջանում:

Մինչ Ճապոնական բանակը փորձում էր գրավել Չինաստանը, Չան Կայշիի գլխավորած կառավարությունը և Մաո Ցզե Դունի գլխավորած Չինաստանի կոմունիստական կուսակցությունը որոշ ժամանակ պարտադրված համագործակցության գնացին` կազմելով «Չինական միացյալ ճակատը» և միավորելով ուժերը Ճապոնիայի դեմ պատերազմում: Այնուամենայնիվ, Ճապոնիայի դեմ պատերազմում հաղթանակից հետո կոալիցիոն կառավարություն չհաջողվեց կազմավորել, և երկու ուժերը դարձյալ հակասությունների փուլ մտան` քաղաքացիական պատերազմ հրահրելով:

Ճապոնական օկուպացիայի շրջանը

1931 թվականին ճապոնական կայսերական բանակը Չինաստանի վրա հարձակվեց հյուսիս-արևելքից` Մանջուրիայից: 1937 թվականին նրանց հաջողվեց գրավել Պեկին քաղաքը, այնուհետև` Նանջինգը: Նանջինգի ցեղասպանությանը զոհ դարձան 300 հազար չինացիներ։ Վեց շաբաթ անց ճապոնական բանակը լքեց Նանջինգը և անցավ Չինաստանի հարավային արդյունաբերական քաղաքների գրավմանը: Չան Կայշին մայրաքաղաքը Նանջինգից տեղափոխեց Չունցին և սկսեց օգտագործել «բաց տարածություն՝ ժամանակ շահելու համար» գաղափարը։ Այդ մարտավարության շնորհիվ ճապոնացիները, սահմանափակ ուժերով հսկայական տարածք վերահսկելով հանդերձ, ստիպված էին բանակը տեղաբաշխել տարածքում բավական նոսր կերպով, ինչը նրանց ավելի խոցելի էր դարձնում: Դա էլ իր հերթին հեշտացնում էր պարտիզանական ուժերի՝ Չինաստանի հետ գրավումը։

1940թ.-ին ճապոնական բանակը այդպես էլ չկարողացավ ավարտին հասցնել նվաճողական արշավանքը: Չինաստանը սկսեց վերագրավել կորցրած հողերը` ստիպելով ճապոնացիներին նահանջել։

Չին-ճապոնական պատերազմի ավարտը և ճապոնական կառավարության հեռացումը

Այն բանից հետո, երբ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան ռմբակոծեց ԱՄՆ-ի Փերլ Հարբոր նավահանգիստը, Չին-ճապոնական երկրորդ պատերազմը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մի ճակատը։ Չինական զինված ուժերը Բիրմայի (Մյանմար) տարածքով սկսեցին օգնություն ստանալ ԱՄՆ֊ից և Միացյալ Թագավորությունից: Սա օգնեց չինացիներին անհրաժեշտ ժամանակակից զենքեր ձեռք բերել և համարժեք հակահարված հասցնել ճապոնացիների դեմ պայքարում:

Ճապոնիայի` Չինաստանը արագ նվաճելու արագ պլանը տապալվեց: Պատերազմը աղետալի հետևանքներ ունեցավ Ճապոնիայի համար։

1941-ի դեկտեմբերին Ճապոնացիների կողմից Փերլ Հարբոր քաղաքի վրա հարձակմանը հաջորդած պատերազմի ընդլայնմանը զուգահեռ` Ճապոնիայի վարչապետ Ֆումիմարո Կոնոեն վերցվեց ռազմական հսկողության ներքո և հեռացվեց քաղաքականությունից։ Ի սկզբանե, Կոնոեն ձգտում էր խուսափել ԱՄՆ-ի հետ առճակատումից, սակայն դա նրան հաջողվեց:

Իսկ ով էր արքայազն Ֆումիմարո Կոնոեն դարձավ Ճապոնիայի վարչապետ` հավասարակշռելու քաղաքացիական և ռազմական վերահսկողությունը, սակայն արագորեն հակվեց դեպի ռազմական մտածողությունը: Չինաստանի դեմ պատերազմում նա թույլատրեց ճապոնական բանակին գործել ըստ պահի անհրաժեշտության` առանց Տոկիոյի թույլտվության: 1939թ. հունվարին Կոնոեն հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, բայց ևս մեկ անգամ ստանձնեց այդ պաշտոնը 1940 թվականին: Նա ձգտում էր խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ առճակատման մեջ չմտնել, սակայն երբ այն անխուսափելի դարձավ, Կոնոեն դարձյալ հրաժարական տվեց:

Արդեն պատերազմի ավարտին նրա խաղաղասիրական բնույթը կարծես վերադարձավ, և նա սկսեց խորհուրդ տալ կայսր Շովային խաղաղության բանակցություններ սկսելու համար:

Պատերազմից հետո Կոնոեն դարձյալ կառավարությունում էր, չնայած գտնվում էր ամերիկյան ծառայությունների ուշադրության կենտրոնում ռազմական հանցագործությունների հետաքննության առնչությամբ: Այնուամենայնիվ, նա ամերիկյան իշխանություններին այդպես էլ օգուտ չբերեց. 1945 թվականի դեկտեմբերին Ֆումիմարո Կոնոեն ինքնասպանություն գործեց:

Աղբյուր՝ AntiFake.am