Պատերազմի 43-րդ օրը վարչապետի տիկինը տեսանյութ է հրապարակում` գրելով, որ հաջողությամբ հանձնել են մարտական պատրաստության քննությունը: Պատերազմի ավարտին մնացել էր ընդամենը մեկ օր, իսկ «փառահեղ» Էրատո ջոկատը դեռ նոր պետք է մեկներ առաջնագիծ: Այդ ընթացքում «Էրատո» ջոկատին չանդամակցելու համար աշխատանքից ազատվում է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: Հիշենք, որ դեռ 2019 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք խաղաղություն եւ անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ Աննա Հակոբյանը բազկաթոռին նստած՝ օրորվելով Մեհրիբան Ալիեւային Արցախ էր հրավիրում մուղամ լսելու եւ թեյ խմելու: Ո՞վ կմտածեր, որ այն կդառնա իրականություն:
Պատերազմի նախավերջին օրը Արցախի նախագահը լուսանկար է հրապարակում՝ կից գրելով, որ դիմավորել է իր կյանքի ամենածանր լուսաբացը: Ի՞նչ ի նկատի ուներ Արայիկ Հրությունյանը: Գուցե նա ակնարկում էր Շուշիի անկման մասին կամ ավելի վատ՝ գուցե արդեն հստակ էր կորսված հայրենիքի պատկերը:
Պատերազմի 43-րդ օրը Արծրուն Հովհաննիսյանի հաղթական տրամադրություններով գրառումները մարդկանց համար արդեն կասկածելի էին: Նախորդ օրերին նա հայտարարում էր, որ Շուշին չի ընկնելու, այն մերն է, իսկ այսօր հորդորում էր զերծ մնալ գնահատականներից, սակայն ինքն էլ լավ գիտեր,որ արդեն ճշմարտությունը թաքցնել չի լինում:
Հավանաբար հանրության թերհավատությունն էր ստիպել ՊՆ ներկայացուցրին անել հաջորդ գրառումը: Այս անգամ Պն ներկայացուցիչը հորդորում էր վստահել իրենց:
Արծրուն Հովհաննիսյանը չի բավարարվում միայն գրառումներ կատարելով՝ նա հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում է, որ այս կամ այն քաղաքը որեւէ բան չի որոշում, եթե կա պատրաստակամություն հաղթելու: Սակայն պատմությունը կրկին ապացուցեց, որ իմաստուն էր մեր հայրերից մեզ ավանդված խոսքը՝ ով տիրում է Շուշիին, տիրում է նաեւ Արցախին:
44-օրյա պատերազմի 43-րդ օրը թշնամին արդեն հսկողության տակ էր վերցրել Շուշին, թիրախում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, իսկ պաշտոնական աղբյուրների խոսքով դեռ հաղթում էինք: Թշնամի պետության նախագահը արդեն շնորհավորում էր իր երկրին Շուշին գրավելու կապակցությամբ՝ տեղադրելով ապացույց տեսանյութեր: Իսկ մեր պաշտոնական աղբյուրները բավարարում էին Շուշին գրավելու մասին հայտարարությունը ապատեղեկատվություն անվանելով: Ընդամենը մեկ օր էր մնացել, որ 43 օր տեւած հաղթանակը ակնթարթորեն վերածվեր պարտության: