Դատարանը մերժեց փոխել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ես դեռևս հոկտեմբերի 30-ին միջնորդությամբ էի հանդես եկել։ Այն վերաբերում է Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելուն, միաժամանակ նաև այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելով՝ տնային կալանք, գրավ, համակցված բացակայելու արգելքով։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, որը 85 տարեկան է, գտնվում է բուժկենտրոնում։ Այս ժամանակահատվածում նա առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել, բոլոր դետալները փոխանցվել են դատարանին։ Մեզ մոտ մարդասիրության այն աստիճանի ճգնաժամ կա, որ դատախազներն առարկեցին այս միջնորդության դեմ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման 17 համակիրների գործով դատական դռնփակ նիստը:
Հիշեցնենք` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։
Արթուր Սարգսյանը կալանավորված է հուլիսի 9-ից։




