Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է. «Ուկրաինայի ճակատագիրը որոշվեց. բացառվեց Ուկրաինայի` ՆԱՏՕ մտնելը, նախապատերազմյան շրջանում առկա տարածքների հետ ստանալը, ԵՄ անդամ դառնալու հարցում էլ առաջընթաց չի սպասվում` թեկնածության կարգավիճակ և վերջ. Ուկրաինան անգամ ինքն իր ճակատագրի մասին բանակցություններին չի մասնակցի, մինչդեռ իրեն խոստացել էին:
Ուկրաինան Եվրոպայից ֆինանսական օգնություն դեռ մի քանի տարի կստանա, բայց ոչ մեծ ծավալներով, իսկ ԱՄՆ առաջարկում է կոնկրետ բարտեր` Ուկրաինայի համար ոչ շահեկան պայմաններով, բայց «հանուն ժողովրդավարության» «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմած ու քամված Ուկրաինան այլ տարբերակ չունի.
Եվրոպան էլ առանձնապես չի խառնվելու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցի լուծմանը, որովհետև ոչ ռեսուրս ունի, ոչ էլ ցանկություն, հատկապես, որ Գերմանիայում երկու շաբաթից կայանալիք ընտրություններում հաղթելու բարձր հավականություն ունի թե´ ռուսական, թե´ ամերիկյան աջակցությունը վայելող AfD կուսակցությունը, որը, իմիջիայլոց, միակ Եվրոպական կուսակցությունն էր, որը ղեկավարության մակարդակով ու պաշտոնապես այցելեց Արցախ 44 օրյա պատերազմի ժամանակ:
Մի խոսքով ավարտվեց ևս մեկ «ժողովրդավարության» «ինքնիշխան» մարտիկի «պայքարը». Ուկրաինան ունեցավ 6 մլն-ից ավելի փախստական, ավելի քան 100 հազար զոհ, տասնյակ միլիարդների վնաս և ոչ մի ձեռքբերում. չէ. Զելենսկին ու իր շրջապատը դարձան դոլլարային միլիարդատերեր:
Եվս մի պետություն իր մաշկի վրա ամբողջությամբ զգաց եվրոպական արժեքների ամբողջ «փայլը, վեհությունը և պերճանքը»…