«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները մանրամասներ են հայտնում Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու պատճառների մասին: Պարզվում է՝ այդ ամենն ուշագրավ նախապատմություն ունի. ՔՊ-ում առկա տարբեր թեւերի բախման արդյունք է եղել կատարվածը:
Բանն այն է, որ երբ Ուլիխանյանը նշանակվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, Ռոմանոս Պետրոսյանն ամեն ինչ արել է նրա ոտքի տակը փորելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարբեր հավատարիմներ սկսել են զեկուցել, թե Ուլիխանյանն իր գործառույթները չի իրականացնում, փափուկ է գործում, հաճախ խնջույքներ է անում աշխատավայրում… Ու երբ այս տվյալները ներկայացվել են Փաշինյանին, վերջինս որոշել է աշխատանքից հեռացնել Ուլիխանյանին: Նրա փոխարեն նշանակվեց նույն Ռոմանոս Պետրոսյանը, որը փաստեր էր հավաքել Ուլիխանյանի մասին:
Երկար ժամանակ անգործ մնալուց հետո Տիգրան Ուլիխանյանն անընդհատ կուսակցությունից պահանջել է իրեն նոր պաշտոնի նշանակել, սակայն ասել են՝ համապատասխան պաշտոն չկա, վերջինս էլ սպառնացել է, թե դիմում է գրելու եւ հեռանա, ինչը և արեց: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Տիգրան Ուլիխանյանից եւ հասկանալ՝ արդյոք նոր պաշտոն ցանկանալն է պատճառը եղել կուսակցությունից հեռանալու։ Վերջինս նշեց. «Չեմ մեկնաբանում»: Ստացվում է՝ կուսակցությունում անառողջ մթնոլորտ է տիրում, եւ պաշտոններ ստանալու համար իշխանության կուսակիցները միմյանց մասին փաստեր են հավաքում, դավեր են նյութում եւ ներկայացնում ղեկավար կազմին:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում