Չեմ հավատում ընտրությունների արդյունքներին, այն թվերին, որ հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մի քանի անգամ խոսել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ վարպետ Մուկուչյանի մասին, հիմա ուզում եմ ուղղում մտցնել․ պարտադիր չէ, որ նա այդ թվերը նկարի, բավական է, որ հաստատի, հետո արդարանա, թե այդպիսի թվեր են տվել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների նախկին պաշտպան, քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը։
Նա շեշտեց՝ կոպիտ խախտումներ են եղել ընտրության օրը։ «Ամենակարեւոր եւ մտահոգիչ հանգամանքն այն է, որ ժողովրդավար պետություն հռչակված Հայաստանի ղեկավարը ընտրարշավի ժամանակ, ժապավենով կապած մուրճը ձեռքին, շրջում էր ու սպառնում մարդկանց։ Իսկ սա բավական էր, որ միջազգային հանրությունը կոշտ արձագանքեր։ Այս իշխանություններն իրականացնում են ամենապղտոր աշխարհաքաղաքական կենտրոնների ցանկությունը՝ Հայաստանը տեսնել որպես Ադրբեջանի բուֆերային պետություն»,- նշեց Ալավերդյանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի վարած քաղաքականությունը պարզ ու շիտակ ապագա չի ներշնչում, հետեւաբար՝ մեզ սպասում են ծանրագույն ժամանակներ։ «Աղանդավորներն անկեղծ գնացել եւ ընտրել են այդ անձին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ եկեղեցու հարցն է, թե մեզ որտեղի՞ց այդքան մեծ թվով աղանդավորներ։ Այդուհանդերձ, պատասխանատու են նաեւ այն անձինք, որոնք չգնացին ընտրության՝ բնակչության գրեթե կեսը։ Ընտրություններին չմասնակցած անձինք ցանկացել են իրենց հեռու պահել այս թոհուբոհից, ընդհարումներից։ Նրանց չմասնակցելը հավասարազոր է հանցագործության»,- ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը զոհ դարձավ այս մանիպուլյատիվ, ստի վրա կառուցված իշխանությանը։ «Այս առումով՝ մեր ժողովուրդը եւ պետությունը ապրում են վերին աստիճանի բախտորոշ ժամանակներ»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Լ․Ս