Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2021 թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում են գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, Ոսկեպարի բնակիչները կարծում էին, թե ռուս զինվորականները սահմանագոտում ուղեկալ են հիմնելու; Անցած գրեթե մեկ տարում ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։
Ներկայումս Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, նախկինում ադրբեջանաբնակ Աշաղի Ասքիպարա(Ներքին Ոսկեպար) գյուղի միջնակարգ դպրոցի քանդված շենքի դիմաց գտնվող հարթեցված տարածքում թափ է առել ռուս զինվորականների համար զորանոցի շինարարությունը։ Այդտեղ կենտրոնացած է մեծ քանակի շինանյութ։ Դատելով ամեն ինչից՝ այդտեղ կառուցելու են մոդուլներից հավաքվող կացարաններ։
Նման մի կացարան-զորանոց էլ Տավուշի մարզում կառուցվում է Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղից դուրս, ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։