«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված կապիտուլ յացիոն պարտության արդյունքում տարածաշրջանում ուժերի՝ շուրջ 27 տարի հաստատված բալանսը խախտվել է։ Իսկ ուժերի՝ ձևավորված հավասարակշռության խախտումն ու ստատուս քվոյի փոփոխությունը Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար շատ լուրջ վտանգ է ներկայացնում։ Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը պատահականության արդյունք չէ և տևական ժամանակ հասունացել է։
Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ նախապատրաստվում էին Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու և հայկական հողերն օկուպացնելու նպատակին։ Եվ այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար նրանք ահռելի ռեսուրսներ էին ծախսում։ Ադրբեջանը փորձում էր միլիարդավոր դոլարների զենք գնել և դրսից ռազմական փորձագետներ բերել երկրի զինված ուժերի հմտությունները կատարելագործելու նպատակով։
Դրան զուգահեռ՝ Ալիևը ադրբեջանական հասարակության շրջանում տարիների ընթացքում հակահայկական ատելության հերթական դոզան էր ապահովում։ Թուրքիան իր հերթին հատկապես վերջին մի քանի տարում Սիրիայում, Լիբիայում և Իրաքի հյուսիսում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում կատարելագործում էր իր զինված ուժերի մարտունակությունը, իրական պայմաններում փորձարկում թուրքական զենքերի, մասնավորապես ԱԹՍ-ների արդյունավետությունը, փորձում օգտվել վարձկան ահաբեկիչների ծառայություններից, որպեսզի հետո իր ունեցած ներուժն արդեն կիրառի Արցախում։
Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո իշխանության և վերջինիս հրահրմամբ՝ հանրության ուշադրությունը շեղվեց բոլորովին այլ խնդիրների վրա։ Առաջին խնդիրը, որի իրականացմանը ձեռնամուխ եղավ Փաշինյանը, հասարակությանը երկպառակություններով բզկտելն էր։ Մինչ թշնամին քայլ առ քայլ ավելացնում էր իր պոտենցիալը, մենք զբաղված էինք սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի դիմակայության հարցով։
Արդյունքում գեներացվում էր ներքին ատելության դոզան, իսկ արտաքին սպառնալիքի վտանգն ընդհանրապես անտեսված էր, քանի որ ռազմական գործի մասնագետների ունեցած փորձն ու գիտելիքներն ըստ արժանվույն չէին գնահատվում։ Մյուս կողմից էլ՝ ողջ հանրության ուշադրությունը սևեռված էր դատարանների շենքերը շրջափակելու ու Սահմանադրական դատարանի դատավորների կազմը փոխելու խնդիրների վրա, անգամ այդ հարցով առանձին հանրաքվե էր նախատեսվում, ուղղակի կորոնավիրուսի համավարակը խանգարեց։ Այնպես որ, այս երեք տարվա ընթացքում «մասկի շոուների» պակաս չենք ունեցել։ Նկատի ունենանք, որ գործող իշխանությունների քայլերի պատճառով հենց սկզբից խաթարվեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնականոն ընթացքը։
Դրանով, կարծես թե, Փաշինյանը փորձում էր հաճոյանալ իր «արևմտյան տերերին», որոնք օգնել էին իրեն իշխանության գալու հարցում։ Իսկ պատերազմի ժամանակ այդ արևմտյան ուժերին ոչ թե ցեղասպանության ենթարկվող արցախահայության վիճակն էր հետաքրքրում, այլ տարածաշրջանային ծրագրերի, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը, որի համար լրացուցիչ միջոցներ էին ձեռնարկում և փորձում էին հայկական կողմից հավաստիացումներ ստանալ, թե դրանց վտանգ չի սպառնա։ Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած սառը մթնոլորտի պատճառով էլ ՌԴ նախագահը այս երեք տարվա ընթացքում այդպես էլ որևէ պաշտոնական այցով չժամանեց Հայաստան, այլ Երևան եկավ մի քանի ժամով, այն էլ՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Բացի դրանից, ի սկզբանե անտեսվեց թուրքական վտանգի նշանակությունը։
Եվ այս համատեքստում բավական հիշարժան է, որ պատերազմից մի քանի շաբաթ առաջ իշխանական խմբակցության ղեկավարը, որն այսօր արդեն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է, հայտարարում էր, թե հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան չի միջամտի։ Հարց է առաջանում, թե այդպիսի հայտարարությամբ ո՞ւմ շահերն էր, ի վերջո, սպասարկում իշխանական խմբակցության ղեկավար Մակունցը։ Ինչո՞ւ էին իշխանությունները բթացնում հանրության դիմադրողականությունը։ Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին հետևողական քայլեր ձեռնարկեին, միգուցե Թուրքիայի միջամտությունը պատերազմում սահմանափակ լիներ, սակայն նրանք ոչինչ չարեցին, բացի թուրքահաճո հայտարարություններից։
Եթե ընդհանուր առմամբ նկատի ենք ունենում պատմական իրողությունների փորձը, ապա կարող ենք տեսնել, որ լիովին հնարավոր էր երեք տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության համակարգը շատ բարձր մակարդակի հասցնել կամ գոնե պահել այն մակարդակին, ինչ ունեինք։ Սակայն Փաշինյանը արեց լրիվ հակառակը: Հետևանքները, քիչ է ասել, թե ողբերգական են…»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում