Շարունակում եմ զրույցների շարքը մարդկանց հետ, ովքեր այսօրվա մեր ողբերգական ֆարս հիշեցնող իրականության մեջ փորձում են պահպանել ողջամտությունը, հասկանում են ներկայի ահռելի ռիսկերը և խնդիրներին լուծումներ են փնտրում։ Այս անգամ զրուցակիցս ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ Արա Այվազյանն է։
Վ. Հ. – Դուք արտգործնախարար դարձաք 2020թ. նոյեմբերի 9-ից օրեր անց՝ մեր երկրի պատմության ամենաբարդ ու ամենաանորոշ օրերին: Ես առաջարկում եմ սկսել մեր զրույցը հենց այդ օրերից: Կա՞ր արդյոք որևէ ստրատեգիական հաշվարկի, պլանավորման հնարավորություն, թե՞ աշխատանքը օրվա ռեժիմով էր: Որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում, որքա՞ն էր բարդ գիտակցել, որ դու պարտված պետության արտգործնախարար ես, բայց պարտավոր ես շարունակել չպարտվածի կեցվածքով աշխատել: Հետադարձ հայացքով, այնուամենայնիվ, որո՞նք էին անձամբ Ձեր առաջնահերթությունները:
Ա.Ա. – Նախ պետք է արձանագրել, որ մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին մոտալուտ աղետին, եթե չասեմ ավելին. հիմնավոր տպավորություն էր ստեղծվել, կարծես ողջ աշխարհը գիտեր վերահաս պատերազմի մասին, բացառությամբ՝ Հայաստանի, չհաշված որոշ վերլուծաբանների: Այդուհանդերձ պետք է նշել, որ միշտ հետադարձ հայացքով հեշտ է «ճիշտ» վերլուծություններ և հայտարարություններ անելը, և այսօր էլ պակաս չի զգացվում հաճախ իրարամերժ հաստատումների համար, որոնց հիմնական նպատակն է՝ գտնել կամ կարգել 2020թ. ողբերգության մեղավորներին: Չեմ ցանկանում մտնել այս տեսակ բանավեճի մեջ, փոխարենը կփորձեմ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք ուղղորդող եղան այդ բարդ ժամանակահատվածում իմ և նախարարության ավագ դիվանագիտական կազմի գործունեության համար:
Նախ, մեր խոսույթում, որպես կանոն, առանձնացնում ենք Ղարաբաղյան 1-ին, 2-րդ (2016թ. քառօրյա) և 3-րդ պատերազմները: Ճիշտ է, 1994թ. անժամկետ զինադադարի արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել էին, բայց մեր հավաքական գիտակցության մեջ ամրագրվել էր այն գաղափարը, որ պատերազմն ավարտվել է: Մինչդեռ, իմ կարծիքով, վերը թվարկվածը մեկ չընդhատվող պատերազմի տարբեր փուլեր էին, որովհետև պատերազմը միայն ռազմադաշտում կռվելը չէ:
Այդ իմաստով 2020թ. նոյեմբերի 9-ը վերջ դրեց միայն ռազմական գործողություններին, և պատերազմը վերադարձավ դիվանագիտության դաշտ: Գիտակցելով այն ծանր վիճակը, որում հայտնվել էին հայկական երկու պետությունները, այդուհանդերձ գտնում էինք, որ մեր ապրած ողբերգությունը մահախոսական չէր: Չպարտվածի կեցվածքով մեր նախարարության հանդես գալը հենց այդ տրամաբանության մեջ էր և ոչ թե կենացային հայրենասիրության դրսևորում: Պատմությունը լի է համոզիչ օրինակներով, թե ռազմադաշտում պարտություն կրած երկրները խելամիտ դիվանագիտության շնորհիվ ինչպես են կարողացել ուղղել իրենց մեջքը:
Վահե Հովհաննիսյան
Այլընըտրանքային նախագծեր խումբ