Քաջարանի համայանքապետ Մանվել Փարմազյանի գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Դատախազություն, հաջորդիվ այն ուղարկելու են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, 168․am-ին տեղեկացրել է Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, միջնորդությունները բողոքարկվել են տարբեր ատյաններում՝ նրան կալանքի տակ պահելու և այդ կալանքի ժամկետները երկարացնելու դեմ։
«Նաև առանձին միջնորդություն ենք ներկայացրել գրավը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված։ Բոլոր դեպքերում մերժվել է։ Ընդ որում, Մանվել Փարամազյանի պարագայում խնդիրը նաև այն է, որ նա ունի այնպիսի հիվանդություն, որի դեպքում չի կարող մնալ քրեակատարողական հիմնարկում։ Պարտադիր է, որպեսզի լինի կողմակի անձի խնամք, երբ նա քնած է։ Այսինքն՝ նա համապատասխան ապարատով պետք է քնի, պետք է լինի հսկող մեկը, ինչը, բնականաբար, Քրեակատարողական հիմնարկում չեն կարող ապահովել։ Այս ամենը չի հետաքրքրել տարբեր ատյանների դատարաններին, և բոլոր դեպքերում կալանքը պահպանվել է որպես խափանման միջոց»,- նշել է փաստաբանը։
Լուսինե Սահակյանը տեղեկացրել է նաև, որ Փարամազյանի հետ տեսակցությունների արգելքը ևս չի վերացվել։
«Սա, իհարկե, արտառոց երևույթ է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ի սկզբանե պատճառաբանություններ չէին ներկայացվել և հիմք չկար տեսակցություններն արգելելու համար»,- ասել է նա։