Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության` թերևս ամենածանր հիշողության օրն է։ Հինգ տարի առաջ սկսվեց պատերազմ, որն ունեցավ ողբերգական հետևանքներ՝ հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ և ամենից ցավալին՝ պետականության հիմքերի խոցում։
Սակայն նույնքան ծանր է այն իրողությունը, որ մենք, որպես հանրություն, այս տարիների ընթացքում ամբողջականորեն չենք վերլուծել մեր պարտության պատճառները։ Այդ բացթողումը վերածվեց համաժողովրդական տրավմայի երկարաձգման և հասարակական դեգրադացիայի՝ ապագայի տեսլականի խեղման։
Պարտությունը միայն ռազմի դաշտում չէր։ Այն նաև արդյունք էր ապիկար և անպատասխանատու իշխանության, որն այսօր էլ շարունակում է պարտությունը վերածել «խաղաղության» կեղծ օրակարգի։ Այն նաև արդյունք էր քաղաքականության մեջ արժեհամակարգային ճգնաժամի, պետական ինստիտուտների նպատակասլաց քայքայման և հասարակության թուլացման։
Առանց այդ իրականության հետ առերեսվելու՝ մենք չենք կարող հաղթահարել ոչ մեր անցյալի ցավը, ոչ էլ գծել արժանապատիվ ապագայի ուղին։ Սեպտեմբերի 27-ը պետք է լինի ոչ միայն սգի, այլև՝ ճշմարտության պահանջի օր։
Այդ ճշմարտությունը պարզ է: Պարտության պատասխանատուները չեն կարող լինել հաղթանակի հեղինակներ։ Իսկ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա։ Միայն այդ ճանապարհով կարող ենք վերագտնել ուժը, միասնությունը և պետականության վերակառուցման հնարավորությունը։
Դավիթ Անանյան, պետական գործիչ, տնտեսագետ