Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանցի խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում ինժեներական հետախուզում եւ ականազերծում են իրականացրել: Պայթյունավտանգ իրերի որոնումն իրականացվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ:
Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 155 հա տարածք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 տուն-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Yerkir.am