Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

146

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: « Մենք ելնում ենք նրանից, որ միայն քաղաքական, դիվանագիտական ջանքերը կարող են լուծման բերել»,- ասաց Կոպիրկինը:

Նա հավելեց, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին: «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»,- նշեց ՌԴ դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանին ՌԴ-ից զենք մատակարարելու մասին հարցին, Կոպիրկինն ընդգծեց, որ  պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը:  «Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»,- ասաց դեսպանը: