Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող Ուկրաինայի արևելյան շրջաններում անցած երկու օրում մոտ 527 հազար մարդ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել:
Նախարարության մամլո ծառայությունը հաղորդել է, որ Ուկրաինայի արևելյան շրջանների բնակչության համար թողարկել է 650 հազար անձնագիր այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականին կարգադրել է այդ մարդկանց պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրել, գրում է azatutyun.am լրատվական կայքը:Արևմուտքը սադրիչ քայլ է համարում Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների բնակիչներին ռուսաստանյան անձնագրերի տրամադրումը, պնդելով, որ դա էլ ավելի է ապակայունացնում վիճակը:Կիևն այդ շրջանների բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն շնորհելը համարում է «հիբրիդային» պատերազմի բաղկացուցիչ մաս, որի նպատակն է խարխլել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:Ռուսաստանը քաղաքական, ռազմական, ֆինանսական և տնտեսական օգնություն է տրամադրում Ուկրաինայի արևելքի ռուս անջատականներին, սակայն պնդում է, թե ոչ մի առնչություն չունի նրանց հետ:Մոսկվան 2014 թվականի գարնանը բռնազավթել է Ղրիմի թերակղզին: Դրանից հետո Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել է պատերազմ, որի ընթացքում սպանվել է ավելի քան 13 հազար մարդ:Արևմուտքը չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը և պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: