Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի իշխանությունն այնպես է ապրում, որ ասես ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում ոչինչ չի պատահել։ Մինչդեռ, շեշտում է նա, հենց միայն Լաչինի միջանցքի շրջափակումը ՀՀ իշխանություններին մտորելու լուրջ տեղիք պետք է տար։
Պաշտպանության նախկին նախարարն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, թե տպավորություն ունի, որ ՀՀ իշխանությունները կա՛մ ի զորու չեն, կա՛մ էլ պարզապես չեն ցանկանում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրավիճակն ու որոշել երկրի առաջնահերթությունները։
«Ինչպե՞ս է ստացվել, որ Ադրբեջանը եկել, հասել է Տեղ գյուղ, ու սա այն դեպքում, երբ իրենց հետևում ադրբեջանցիներով բնակեցված որևէ գյուղ չունեն։ Ադրբեջանցիներն ամրապնդվում են, առաջ են գալիս, իսկ մենք, մեր հետևում բնակավայրեր ունենալով, հանգիստ նստած ենք, ու դեռ չասած, որ սահմանապահ գյուղացիներին էլ մենակ ենք թողել»,- ընդգծում է պատգամավորը։
Լրագրողների հարցին, թե այս իրավիճակի պատասխանատուն ո՞վ է, կամ սա ո՞ւմ բացթղումն է, Օհանյանը պատճառահետևանքային մի ամբողջ ցանկ է թվարկում։
«Հետախուզական ծառայությունից մինչև հակառակորդին խոցող ծառայություն, բացթողումներ ունեն, բայց, ընդհանուր առմամբ, բացթողումը ՀՀ իշխանություններինն է»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարն՝ հավելելով, որ հույս չունի, թե բանակցություններով Հայաստանը կարող է վերադարձնել Տեղ գյուղի՝ հակառակորդին անցած դիրքերը։
Ս․Վ․