«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 850 մլրդ 96 մլն դրամ, ինչը, 2019-ի համեմատ, ավելացել է 1.5 տոկոսով:
Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 383 մլրդ 850 մլն դրամ, այն 2018 թվականի ցուցանիշից ավել է 2.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 435 մլրդ 461 մլն 600 հազար դրամ, ինչը, 2018-ի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է 0.2 տոկոսով:
Չնայած գյուղատնտեսության ոլորտի՝ ՎԿ-ի արձանագրած աճերին՝ այս տարի Հայաստանն ունենալու է անասնակերի խնդիր: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով ընթացիկ տարում ունենալու ենք անասնակերի ապահովման խնդիր:
Բացի այս, տեղեկացնենք, որ 2019 թվականին, պաշտոնական տվյալներով, Արցախում հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա, եւ Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, բայց ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չի լինի Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։