Փաստինֆո»-ն գրում է․ «Լուրեր կան, որ դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում փարթի կազմակերպել: Այսինքն, այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց զավակներին, հայրերին ու եղբայրներին, էլ չեմ ասում Հայրենիքը, որովհետև Հայրենիք մենք բոլորս ենք կորցրել, Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստվում է ամանորյա փարթի կազմակերպել: Փաստորեն նրանք, ովքեր այդ մարդկանց հայրենիքը հանձնել են թուրքին, ովքեր հազարավոր ընտանիքների անհայրենիք են դարձրել, գալիս են այստեղ՝ նոր տարվա փարթի կազմակերպելու: Սրանց լկտիությունն ուղղակի սահմաններ չունի», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորը մանրամասնել է՝ Ստեփանակերտի հանդիսությունների այդ սրահում, որտեղ, ասում են, թե Աննա Հակոբյանը ցանկանում է ամանորյա փարթի կազամակերպել, «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով կերակրում են այն մարդկանց, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված, չեն կարողանում ապրել իրենց տներում, այլ ժամանակավոր հյուրանոցներում կամ խնամքի կենտրոններում են բնակվում։ «Ես ուզում էի գնալ այդ, այսպես կոչված, բարեգործական ճաշարանի ստեղծման հետքերով, բայց ամեն անգամ ինձ հետ է պահում այն միտքը, որ ամեն դեպքում դա սնունդ է, որից օգտվում են այստեղ կարիքի մեջ հայտնված որոշ թվով մարդիկ: Բայց այդ բարեգործությունն այնքան տգեղ կերպով է արվում՝ հենց սրահի մուտքի մոտ ցուցանակ է փակցված, որի վրա մեծ տառերով գրված է հիմնադրամի անունը, տակն էլ ինչ – որ կասկածելի նշանաբան է՝ որ առաջարկում է «Իմ քայլը» հիմնադրամը՝ «Համատեղենք մեր քայլերը»… Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, և թե ինչո՞ւ արցախցին պետք է իր քայլերը համատեղի «Իմ քայլը» հիմնադրամի հետ, թողնում եմ ընթերցողի դատին: Ստացվում է, որ ամեն անգամ այդ ճաշարան մտնողը պետք է տեսնի, թե ով է իրեն կերակրում: Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ մուտքի մոտ տեսնելով «Իմ քայլը»-ի ցուցանակն, ուղղակի շրջվել ու հետ են վերադարձել, ներս չեն մտել: Եթե դա բարեգործություն է, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը հիմնադրամը, ապա, սովորաբար բարեգործությունն անում են համեստ ու լուռ»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտում խափանվեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անցկացվելիք ամանորյա բացօթյա միջոցառումը, որին պետք է մասակցեին Ստեփանակերտում ապրող մանկահասակ և պատանի երեխաները: Պարզվեց, որ միջոցառման անցկացման հավանությունը հիմնադրամը ստացել էր Արցախի իշխանություններից, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններից շատերը, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետը տեղյակ չեն եղել այդ մասին: Միջոցառման կազմակերպման աջակցությունը եղել է Արցախի պետական նախարարության կողմից, ի դեմս նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանի և Արցախի Կրթության Գիտության և Մշակույթի նախարարության, ի դեմս նախարար՝ Լուսինե Ղարախանյանի:
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ու ամանորյա վրաններն ապամոնտաժվել են։