Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր կլինի 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության հաշվառման կարգի վերաբերյալ Կառավարության որոշում ընդունել։
Ըստ հիմնավորման՝ այս իրավական լիազորությունը նպատակ ունի ապահովելու ՀՀ բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ և միասնական գործառույթը՝ ստեղծելով հստակ և գործնական կարգավորումներ, որոնք թույլ կտան ապահովել բնակչության տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը և արդիականությունը։ 7 օրվա պարագայում պահանջը հնարավորություն է տալու պետությանը ունենալ ճշգրիտ պատկեր երկրի բնակչության տարածքային բաշխվածության վերաբերյալ։
Կարգով կհստակեցվի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները։ Կգործարկվի նաև բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը։ Նախագծում նշվում է, որ անձը կկարողանա հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում։ Հիմնական հասցեն այն վայրն է լինելու, որտեղ անձն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր։
Քաղաքացին կկարողանա ցանկացած ժամանակ փոխել իր ոչ հիմնական հասցեն՝ հատուկ ստեղծված հարթակի միջոցով։ «Նախագծով ներդրվում է նաև հաշվառման գործընթացի թվայնացված մոդելը՝ ապահովելով անձի ինքնուրույն տվյալների մուտքագրումը տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով։ Այս լուծումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրականացնել իրենց հաշվառման գործողությունները առցանց՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։
Կարգի կարևոր նորույթներից է լինելու այն, որ անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից։ Այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը դառնում է խոչընդոտ անձի հաշվառման և փաստացի բնակության իրավունքի իրացման համար»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
ՆԳՆ-ից հայտնում են նաև, որ բնակչության հաշվառման կարգը սերտորեն կապված է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կարգավիճակի համակարգի ներդրման հետ։ Ըստ նախագծի՝ այն անձինք, ովքեր չեն ունենա մշտական բնակության վայր և չեն կատարի իրենց հաշվառման պարտականությունը կստանան պասիվ կարգավիճակ․ «Այս դրույթը ծառայում է 2 նպատակին՝ մի կողմից ապահովում է ռեգիստրի տվյալների ճշգրտությունը, մյուս կողմից կանխում է պետական ծառայությունների մատուցումը այն անձանց, ովքեր փաստացի դուրս են Հայաստանի բնակչության հիմնական կազմից»։
Աղբյուր՝ factor.am