Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի մուտքերի մոտ՝ «ամոթի պատ» կազմելով շենք մուտք գործող իմքայլական պատգամավորների համար: Որոշ քաղաքացիներ էլ հավկիթներով են դիմավորել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, վերջիններս հավկիթներ են նետել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվել ակցիայի մասնակիցների վրա։ Ոստիկանության կողմից պատգամավորների նման վարքագիծը մնացել է անարձագանք: Փոխարենը բերման են ենթարկվել երեք տասնյակից ավել քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Հակոբ Մաթիլյանն ու Աշոտ Սիմոնյանը: Ավելի ուշ ակտիվիստների մի մասն ազատ է արձակվել, իսկ մի մասի դեմ հարուցվել է քրեական գործ։