Թուրքիայում կուլիսային խոսակցություններ են շրջանառվում, որ 2021թ․ մարտի վերջին հնարավոր է Թուրքիայի ու Իսրայելի միջև կրկին սկսվեն կարգավորվել դիվանագիտական հարաբերությունները և երկուստեք դեսպանների նշանակումը։
Իսրայելական «Walla» լրատվականի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար միջնորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մյուս կողմից թուրքական իշխանամետ «Milliyet» օրաթերթի թղթակից Էջեմ Թոփլարը հայտնում է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և վերջինիցս դրական արձագանք ստացել։
Իսրայելցի դիվանագիտական պաշտոնյաները «Milliyet»-ին տված հարցազրույցում չեն հերքել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանի՝ միջնորդ լինելու փաստը և հավելել, որ չնայած այդ ամենին Թուրքիայից դեռևս դրական արձագանք չեն ստացել։ Դիվանագետները նաև նշել են, որ Իսրայելը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։
Իսրայելցի պաշտոնյանները պնդել են, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման «բանալին» Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքում է։ Նրանք չեն կարծում, որ հարաբերությունների հնարավոր կարգավորում տեղի կունենա Իսրայելում 2021թ․ մարտի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ։
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների լարումը պայմանավորված էր 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվել էր 60 արաբ, վիրավորվել՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։
Ermenihaber.am