Ռուսաստանը կանի ամեն ինչ դաշնակիցներին Աֆղանստանից եկող սպառնալիքներից պաշտպանելու համար, այդ թվում՝ կօգտագործի Տաջիկստանում իր ռազմակայանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Տաջիկստանի և Ուզբեկստանի իր գործընկերների հետ և կապի մեջ է Կենտրոնական Ասիայի այլ ղեկավարների հետ: «ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են Տաջիկստան-Աֆղանստան սահմանի շրջան, գնահատել իրավիճակը և զեկուցել մշտական խորհրդին», շեշտել է արտգործնախարարը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր հետևում է իրավիճակին Աֆղանստանում: «Իրավիճակը գնում է դեպի արագ վատթարացում, այդ թվում` ամերիկյան և ՆԱՏՕ-ի մյուս զորքերի հապճեպ դուրսբերման համատեքստում, որոնք երկրում գտնվելու տասնամյակների ընթացքում էական արդյունքների չեն հասել այնտեղ իրավիճակը կայունացնելու տեսանկյունից», Լավրովի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։