Քաբուլում քաոսն անխուսափելի էր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ խոսելով Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով` ամերիկյան ստորաբաժանումները տեղակայված են լինելու Քաբուլում, քանի դեռ ԱՄՆ բոլոր քաղաքացիները չեն տարհանվել այնտեղից, նույնիսկ եթե զինվորականները ստիպված լինեն սպասվածից ավելի երկար մնալ Աֆղանստանի` թալիբների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաքում:
Նա հիշեցրել է, որ գարնանը հայտարարել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորամիավորումների դուրսբերման վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ ամերիկացի զինվորները կարող են անհրաժեշտության դեպքում ավելի երկար մնալ երկրում, որպեսզի այնտեղից տարհանեն յուրաքանչյուր ամերիկացու: «Եթե այնտեղ ամերիկացի քաղաքացիները մնան, մենք կմնանք բոլորին դուրս հանելու համար»,- ասել է Բայդենը: Նախագահը չի հստակեցրել, թե որքան ժամանակ կարող է հետաձգվել Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը:
Թալիբները ներկայումս չեն խանգարում ամերիկացի զինվորականներին Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանման գործընթացում: Այնուամենայնիվ, գրոհայինները վերահսկում են մայրաքաղաքի մնացած հատվածը եւ, ըստ էության, կարող են թույլ տալ կամ արգելել մուտքն օդանավակայան, իսկ օտարերկրյա զինվորականները սահմանափակված է իրենց վերահսկած օդանավակայանից դուրս տեղաշարժի հարցում:
Բայդենը հայտարարել է, որ այս իրավիճակից հեշտ ելք չի եղել: «Այն գաղափարը, որ ինչ-որ միջոց կա այս քաոսից դուրս գալու համար. ես չգիտեմ, թե ինչպես է դա հնարավոր»,- ասել է Բայդենը: Նա հավելել է, որ ներկայումս թալիբներն օգնում են ամերիկացի զինվորականներին, որոնց հետ նրանք պայքարել են այսքան տարի` թերեւս օգնելով օտարերկրյա քաղաքացիներին լքել երկիրը: «Նրանք համագործակցում են` թույլ տալով հեռանալ Ամերիկայի քաղաքացիներին, ամերիկյան անձնակազմին, դեսպանատներին եւ այլն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Այնուամենայնիվ, «մենք դժվարություններ ունենք նրանց դուրսբերման հարցում, ովքեր մեզ օգնել են, երբ մենք այնտեղ էինք»,- հավելել է Բայդենը` ըստ երեւույթին նկատի ունենալով աֆղաններին, ովքեր նախկինում աշխատում էին ամերիկացիների եւ այլ երկրների զինծառայողների կողքին եւ այժմ վախենում են թալիբների հաշվեհարդարից:
Նախագահը մերժել է այն քննադատությունը, որ Աֆղանստանից տարհանումն իր վարչակազմի իսկական ձախողումը դարձավ: «Դա հեշտ ընտրություն էր»,- ասել է Բայդենը:
Հարցին, թե ինչ էր զգում նախագահն այն պահին, երբ համացանցում հայտնվեցին խուճապի մատնված աֆղանցիների տեղանյութերը Քաբուլի օդանավակայանից, Ջո Բայդենը պատասխանել է, որ այդ պահին հետեւյալ կերպ էր դատում. «Մենք պետք է իրավիճակը վերահսկողության տակ առնենք, մենք պետք է ավելի արագ գործենք: Մենք պետք է գործենք այնպես, որ կարողանանք վերահսկողության տակ առնել օդանավակայանը: Եվ մենք դա արեցինք»: