ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում Ուկրաինայի համար, այնուամենայնիվ, կազմակերպությանը անդամակցելու ճանապարհին Կիևը ստիպված կլինի բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել: Այդ մասին ուրբաթ օրը Կիևի անվտանգության ֆորումում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, քաղաքական հարցերով գլխավոր օգնականի տեղակալ Ջեյմս Ապատուրայը:
«[ՆԱՏՕ-ին] անդամակցության կարճ ճանապարհ չկա: Դաշինքի յուրաքանչյուր հավանական անդամ պետք է բազմաթիվ բարեփոխումներ իրականացնի ոչ միայն անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ նաև օրենքի գերակայության, կառավարման և տնտեսական կայունացման հարցում: Բարեփոխումները կդարձնեն Ուկրաինան ավելի բարեկեցիկ, կայուն և կմոտեցնեն ՆԱՏՕ-ին», ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ապատուրայը շեշտել է, որ Ուկրաինայի համար դաշինքին անդամակցության հեռանկարն իրական է, և այդ դիրքորոշումը կարող է հաստատվել Բրյուսելում հունիսի 14-ին: