Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 25 մարդ հոսպիտալացվել է։
«Ցավակցում եմ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի ուղևորների հարազատներին, որը վթարի է ենթարկվել Ակտաուում»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։
Կադիրովը հայտնել է, որ ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ։
Ըստ տեղեկությունների՝ ուղևորների թվում երեխաներ չեն եղել։
Նախնական տվյալներով՝ Ակտաուում կործանված օդանավում եղել են Ռուսաստանի 16, Ադրբեջանի 37, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացի։
Embraer E190 մոդելի օդանավը, որը պատկանում էր «Ադրբեջանական ավիաուղիներին» և իրականացնում էր Բաքու-Գրոզնի թռիչքը, վերաուղղվել էր Ղազախստան մառախուղի պատճառով, գրում են չեչենական լրատվամիջոցները։
Մինչ ընկնելը, օդանավը թափել է վառելիքը, իսկ անձնակազմն ազդարարել է արտակարգ իրավիճակի մասին։
Հաղորդվում է, որ կործանման պատճառ է դարձել օդանավի բախումը թռչունների երամին։
Նշենք, որ Ադրբեջանի ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր J2-8243 Բաքու-Գրոզնի չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա։