Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր լաոսցի գործընկեր Սալենսայ Կոմասիտի հետ բանակցություններից հետո ասել է, որ իրավիճակն Աֆղանստանում արագորեն վատթարանում է: Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ իրավիճակն արագորեն վատթարանում է, այդ թվում` ամերիկյան և ՆԱՏՕ-ի մյուս զորքերի հապճեպ դուրսբերման համատեքստում»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ, որոնք ուղղակիորեն սահմանակից են Աֆղանստանին, և կապի մեջ է նաև Կենտրոնական Ասիայի այլ ղեկավարների հետ:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներքո ստանձնած պարտավորությունները և ամեն ինչ կանի ագրեսիան ճնշելու համար: Նա նշել է, որ կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են սահմանային գոտի՝ ներկայիս իրավիճակը գնահատելու համար:
«Մենք կանենք ամեն ինչ՝ այդ թվում կիրառելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմակայանի հնարավորությունները, որպեսզի կանխենք մեր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները երեկ այցելել են տաջիկա-աֆղանական սահման, գնահատել իրավիճակը և այդ մասին զեկուցել կազմակերպության մշտական խորհրդին: