Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը:
Ըստ Tasnim News-ի՝ Իրանը պնդել է, որ միայն Իսրայելի ագրեսիայի կասեցմամբ կարող է բացվել արդար գործընթացի վրա հիմնված դիվանագիտության ճանապարհը։ Իրանական բանակցային թիմն ընդգծել է, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանը, և որ այս բանակցությունները երկխոսության ավարտ չեն։
Ժնևում եվրոպական եռյակի հետ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հստակ հայտարարել է, որ Իրանի հրթիռային կարողություններն առհասարակ չեն կարող լինել քննարկման առարկա, ինչպես նաև դիվանագիտական ճանապարհի համար որպես առաջնային պայման նշել է, որ նախ Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր տեսակի ռազմական գործողությունները, որից հետո միայն կարող են լինել բանակցություններ։
ԻՌՆԱ-ն հաղորդում է՝ լուրերը, թե բանակցությունները դադարեցվել են Իրանի արտգործնախարարի խնդրանքով, սուտ են։ Փոխարենը եվրոպական պատվիրակությունը խնդրել է դադարեցնել հանդիպումը՝ հետագա ներքին խորհրդակցությունների համար, որպեսզի կարողանան գնահատական տալ առաջին հանդիպմանը։