«Ես անպայման կհորդորեի իշխանություններին թույլ տալ հոգևորականներին հոգ տանել կալանավորված միգրանտների մասին», – ասել է Հռոմի պապը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Չիկագոյում կալանավորված կաթոլիկ ներգաղթյալներին արգելվել է մասնակցել Սուրբ Հաղորդությանը։
«Շատ դեպքերում նրանք երկար ժամանակով բաժանված են եղել իրենց ընտանիքներից։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում… բայց նրանց անձնական հոգևոր կարիքների մասին պետք է հոգ տանել»,-ասել է Հռոմի պապը։
Հռոմի պապ Լևոնը նաև մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև աճող լարվածության վերաբերյալ։
ԱՄՆ ծովային հետևակի ուժերը տեղակայվել են Վենեսուելայի ջրերի մոտ, ինչը ԱՄՆ-ն անվանել է թմրանյութերի դեմ պայքարի գործողություններ։ Իսկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այն որակել է որպես «ռեժիմի փոփոխություն պարտադրելու» պատրվակ՝ վենեսուելական նավթը զավթելու նպատակով։
«Ես կարծում եմ, որ բռնությունը երբեք հաղթանակ չի բերում», – ասել է Հռոմի պապ Լևոնը՝ նշելով, որ հենց նոր կարդացել է Վենեսուելայի ափերին մոտեցող ռազմանավերի մասին հաղորդագրությունները: «Գլխավորը երկխոսության որոնումն է, երկրների ներսում առկա խնդիրները լուծելու արդարացի ուղիներ գտնելը»:
Այնուհետև Հռոմի պապ պատասխանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին, որտեղ հրադադարի համաձայնագիրը սպառնալիքի տակ է հայտնվել Իսրայելի նոր հարվածների և Արևմտյան ափի գյուղերի վրա հարձակումների պատճառով։
«Խաղաղության համաձայնագրի առնվազն առաջին փուլը դեռևս ուժի մեջ է», – ասել է Հռոմի պապը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Իսրայել-Համաս համաձայնագրին, նախքան խոստովանելը, որ հրադադարը «շատ փխրուն» է։
Նա ընդգծել է «երկրորդ փուլին անցնելու անհրաժեշտությունը՝ անդրադառնալով կառավարմանը և բոլոր ժողովուրդների իրավունքների ապահովմանը»։
«Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարցը, որոնք միջազգային իրավունքի համաձայն անօրինական են, «իրոք բարդ է», – ասել է Հռոմի պապը,- Իսրայելը մի բան է ասում, բայց երբեմն մեկ այլ բան է անում»։





