Աֆղանստանում իշխանության եկած թալիբները խոստանում են վրեժխնդիր չլինել ոչ ոքից: Այս մասին հայտարարել է Քաբուլի գրավումից հետո «Թալիբան» արմատական խմբավորման առաջին մամլո ասուլիսում շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
Մուջահիդը նշել է, որ թալիբները մտադիր են «հաշվի առնել երկրի նախկին կառավարության թույլ տված սխալները»: Նրա խոսքով՝ երկրում այլևս պատերազմ չի լինի:
«Ազատությունն ու անկախությունը աֆղան ժողովրդի օրինական իրավունքներն են, որոնք օգնեցին օկուպանտներին դուրս մղել ուժեղ դիմադրությունից հետո», ասել է նա:
Մուջահիդը հավելել է, որ թալիբները «ներում են շնորհել բոլոր նրանց, ովքեր իրենց դեմ էին հանդես գալիս»: