ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը ապացույցներ է գտել այն մասին, որ երկրում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերը եղել են 2019 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ենթադրվածից շուտ: Այս մասին ասվում է ինստիտուտի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված ուսումնասիրության մեջ:
Գիտնականները վերլուծել են ավելի քան 24 հազար արյան նմուշներ, որոնք վերցվել են Միացյալ Նահանգներում 2020 թվականի հունվարի 2-ից մինչև մարտի 18-ը, և հայտնաբերել են կորոնավիրուսի հակամարմիններ ամենավաղ՝ Նյու Յորքի և Սիեթլի (Վաշինգտոն) հարևանությամբ բնակվող մարդկանց նմուշներում։ Այդ տարածքները հետագայում դարձել էին երկրում COVID-19-ի տարածման գլխավոր օջախներ:
«Այս ուսումնասիրությունը թույլ է տալիս մեզ ավելի շատ տեղեկություններ հայտնաբերել ԱՄՆ-ում [կորոնավիրուսի] համաճարակի սկզբի վերաբերյալ և ընդգծում է շարունակական հետազոտությունների իրական արժեքը COVID-19-ի նման նոր հիվանդությունների դինամիկան հասկանալու համար», ասել է հետազոտության հեղինակ Ջոշ Դենին: